Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Արցախի ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում։
«Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը»,- նշված է գրառման մեջ: