ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է 3,2 ՄԻԼԻՈՆԸ
Ուկրաինայում բնակիչների անվտանգ տարհանման համար համաձայնեցվել է 10 հումանիտար միջանցք՝ հայտնել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են երթուղիներ կազմակերպել Խերսոնի, Խարկովի և Լուգանսկի շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմն Ուկրաինային զրկել է դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից, որոշ քաղաքների համար մարտեր են ընթանում:
Ռուսական կողմից էլ հայտնում են, որ Դաշնության զինված ուժերը մեկ օրում խոցել են ավելի քան 60 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Ուկրաինայի վտանգավոր շրջաններից նախօրեին Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 14 հազար մարդ: Մարիուպոլից տարհանվածների թիվը հասել է մոտ 57 հազարի:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 3,2 մլն-ը։ Լեհաստան է տեղափոխվել մոտ 2 մլն ուկրաինացի, 185 հազար մարդ էլ տարհանվել է Ռուսաստան։ Նշվում է, որ Ուկրաինան լքածներից 162 հազարն օտարերկրացիներ են:
ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատասխանը՝ հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ այդ սահմանափակումները համարելով ոչ լեգիտիմ:
Գերատեսչությունից, միաժամանակ նշել են, որ Մոսկվան երբեք չի օգտագործել, օրինակ՝ էներգամատակարարումը որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել Եվրոպա էներգակիրների մատակարարման իրենց պարտավորությունները:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը մոտ է «բացահայտ ռասիզմի»:
ԲԱՅԴԵՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին։ Հանդիպման օրակարգում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։
Նա հիշեցրել է նաև, որ Բայդենը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ և ԵՄ գագաթնաժողովներին։ «Նախագահը մեր դաշնակիցների և գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ հետագա քայլերը»,- նշել է Սակին։
ԱՄՆ-ԻՆ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԱՍԱԴԻ ԱՅՑԸ ԱՄԷ
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել 2011 թվականից ի վեր առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի կապակցությամբ։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ սա ակնհայտ փորձ է՝ լեգիտիմացնելու Ասադին:
Նախօրեին Արաբական Էմիրություններ այցի շրջանակում Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և Միացյալ Էմիրություններն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:
Կողմերն ընդգծել են երկկողմ գործակցության կարևորությունը՝ արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման նպատակով։
Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է նաև Սիրիայից բոլոր օտար ուժերի դուրսբերման կարևորությունը։
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցություններում Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Այդ մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին։
«Վիեննայում ընթացող բանակցությունները կարող են դրական տնտեսական արդյունքներ ունենալ Իրանի համար, մասնավորապես՝ բանկային հատվածում և արժութային փոխանակումների ոլորտում։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ՝ հոռետեսական»,- ընդգծել է իրանցի նախարարը։
Նա նշել է, որ դեռ չգիտի՝ ինչպիսին կլինի բանակցությունների արդյունքը, համոզմունք հայտնել՝ հարկավոր է զգուշորեն մոտենալ հարցին, որպեսզի երկրի տնտեսությունը չտուժի։