Վայրի կամ գիշատիչ կենդանիներով ռեստորանային տարածքներն ու հանգստյան գոտիները «զարդարելը», կենդանիների հետ նկարվելով գումար աշխատելը, հոբբիի համար տանը պահելը հայաստանյան իրականության մեջ նորություն չեն, սակայն օրենքով կարգավորվում ու խստացվում է վայրի կենդանիների պահման պայմանների նկատմամբ վերահսկողությունը: Խորհրդարանն առաջիկա նիստին երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Գործող օրենքի բացերը շատ են, ոլորտը՝ գրեթե վերահսկողությունից դուրս՝ վստահեցնում են օրինագծի հեղինակները:
Սևակ Բալոյան (շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Հիմնական նպատակն է, որ իրավաբանական, ֆիզիկական անձինք, որոնք առ այսօր իրենց մասնավոր կամ այլ տարածքներում պահում են վայրի կենդանիներ, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված, գործունեությունն իրականացնեն օրենսդրության սահմաններում:
Օրինագծի ընդունվելու պարագայում անազատ, կիսաազատ պայմաններում կենդանիներ կարող են պահել միայն լիազորված մարմնից թույլտվություն ստացած անձինք: Յուրաքանչյուր կենդանու համար մշակված անհատական չափանիշներ են լինելու՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները: Իրավաբանական կամ ֆիզիկական անձի ամեն հայտ մասնագիտական հանձնաժողովում առանձին է քննարկվելու:
Սևակ Բալոյան - Բոլոր չափանիշներին համապատասխանեցնելուց հետո նախարարությունը կտա համապատասխան թույլտվություն:
Օրենքի փոփոխությամբ կդյուրացվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքը: Գործող կարգավորմամբ՝ տեսչական մարմնի ձեռքերը գրեթե կապված են՝ նկատում է Վրեժ Գալոյանը: Տեսչական մարմինն անազատ, կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու վերաբերյալ երկու տասնյակից ավելի ահազանգ ունի, բայց օրենսդրական լծակներ չունի՝ դա թույլ չտալու: Ներկայում փոփոխություններ են կատարվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Վրեժ Գալոյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 270-ապատիկի չափով:
Այսօր պարզ չէ, թե անազատ, կիսաազատ պայմաններում պահվող քանի կենդանի կա Հայաստանում. լիազոր մարմինը պետք է հաշվառում իրականացներ կենդանու սեփականատիրոջ ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա, որը գործնականում չի արվել՝ նման կարգի բացակայության պատճառով։ Օրենքի փոփոխություններով՝ ցանկ է սահմանվում, ցանկից դուրս կենդանի պահելն ու չհաշվառելը նույնպես վարչական պատասխանատվության հիմք կլինի: Ներկայումս տեսչական մարմինը կենդանիներ պահող տնտեսվարողների մոտ ստուգումներ է իրականացնում:
Վրեժ Գալոյան - Ինձ թվում է՝ ստուգումների ավարտից հետո կլինեն դեպքեր, երբ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանու ձեռքբերման օրինականությունը պարզելու, ուսումնասիրելու համար իրավապահ մարմիններին կդիմեն, պարզելու՝ որտեղի՛ց այդ կենդանին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդիպել է նույնիսկ դեպքեր, երբ Կարմիր գրքում գրանցված կենդանին վաճառվել է ինտերնետ հարթակում: Որոշ տնտեսվարողներ ունեն բեզոարյան այծեր, սակայն որտեղի՛ց նրանց այդ կենդանիները՝ հայտնի չէ, նկատում է Վրեժ Գալոյանը:
Վրեժ Գալոյան - Կենդանին վաճառում են list.am-ի վայրի կենդանատեսակ բաժնում: Համագործակցելով ոստիկանության հետ՝ պարզել ենք, թե վաճառողն ով է, կեդանին բաց է թողնվել շրջակա միջավայր:
Ի՞նչ է լինելու այն կենդանիներին, որոնցից պահողները կհրաժարվեն կամ չեն համաձայնի պահման նոր պահանջներին, հարցն ամենաբարդն ու դեռևս կարգավորված չէ: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հետագայում ենթաօրենսդրական կարգավորումներով խնդիրը կլուծվի:
Սևակ Բալոյան - Նպատակը պրոցեսը բարդացնելն ու չափանիշները բարձրացնելն է, որպեսզի ոչ բոլորը կարողանան վայրի կենդանատեսակ պահել, իսկ պահելու դեպքում՝ գործեն օրենսդրության սահմաններում:
«Կենդանական աշխարհի մասին» օրենքի փոփոխությունների համար հիմք է հանդիսացել գիշատիչների հանդեպ հայերի ոչ նորմալ սերը, որի դրսևորումների մասին տարիներ առաջ նաև միջազգային մամուլն էր գրել: Նախագծի հեղինակների խոսքով՝ 2015 թվականին Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող վայրի կենդանիների հետ կապված աղմկահարույց դեպքը որոշիչ եղավ: Սակայն նախարարությունը գիշատիչ կենդանի պահող իրավաբանական ու ֆիզիկական անձանց հնարավորություն է տալիս օրենքի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում դիմել նախարարություն ու ստանալ կենդանիների պահման թույլտվություն:
Հեղինակ՝ Անի Օհանյան