Հայկական կինեմատոգրաֆիան հարստացավ ուսուցողական նոր մուլտֆիլմերով: «ՄուլտԱրտ + ստուդիոն» և «ԴիզՆայն»-ը մոտ երկու տասնյակ մուլտեր ստեղծեցին, որոնց մի մասը երաժշտական է, մյուսը՝ անիմացիոն ձայնագրությամբ: 50 րոպե տևողությամբ մուլտաշարքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:
Վարդուհի Կարապետյան («Հասարակության իրազեկվածության բարձրացում անիմացիոն ֆիլմերի միջոցով» ծրագրի ղեկավար) - Երեք տարեկանից բարձր բոլորը կարող են դիտել, որովհետև բոլոր տարիքում էլ ինչ-որ բան տալիս է: Օրինակ՝ լավաշի լեգենդն ենք անիմացիա արել, որը տեղեկատվական բնույթ է կրում և կարող է մեծերի համար հետաքրքիր լինել, որովհետև շատերը չգիտեն այդ մասին:
Սոցիալական ուղղվածության հայալեզու մուլտեր ստեղծելը երգչուհի Արփինե Բաբախանյանի նախաձեռնությունն է, որին միացան նաև սփյուռքից եկած մասնագետները և ստեղծեցին «Արևային ընտանիք» կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը:
Արփինե Բաբախանյան («Անիմացիոն մուլտեր» նախագծի հեղինակ) - Երբ տեսնում էի, թե մեր երեխաներն ինչ են դիտում, հասկանում էի, որ խնդիր ունենք, որովհետև չկան հայկական մանկական, կարճամետրաժ կրթական, անիմացիոն հոլովակներ, որոնք լինեն և՛ ժամանցային, և՛ կրթական, կլինեն հայ ընտանիքի մոդելը: Ասացի՝ քանի ես երեխա չունեմ, ստեղծենք, որ հետո երեխաներս նայելու բան ունենան:
Հաճելի ձայնով մուլտհերոսները երեխաներին սովորեցնում են ինչպես անցնել փողոցը, խնամել բնությունը, տեսակավորել աղբն ու լինել ուշադիր շրջապատող աշխարհի նկատմամբ: Ամենատարեց հերոսին՝ Արևշատ պապիկին, հնչյունավորել է Արա Դեղտրիկյանը:
Արա Դեղտրիկյան (Հայաստանի վաստակավոր արտիստ) - Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ պլանշետներն ու հեռախոսները ներխուժել են նաև երեխաների կյանք: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այսպիսի մուլտեր նայեն:
Ծրագիրն իրականացվել է «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Նախատեսվում է մուլտերը ներկայացնել նաև սուրդոթարգմանությամբ ու արևմտահայերենով: Իսկ ռուսերենն ու անգլերենը նախընտրողներին կօգնեն լուսագրերը:
Անահիտ Գասպարյան («ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող) - Դիտելով՝ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է առողջ ընտանիք ունենալը: Կապը՝ տատիկ-պապիկների, ծնողների, երեխաների, սիրված լինելու: Այս մուլտերը ոնց որ առողջ սերմեր լինեն:
Անիմացիոն, ուսուցողական մուլտերն արդեն ցուցադրվում են երևանյան բոլոր կինոթատրոններում: Առաջիկայում դրանք էկրան կբարձրանան նաև Գյումրիում: