Այս եղանակով Armenian National Music կազմակերպությունը 2021 թ. թվայնացնում է տարբեր շրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սերգեյ Ումրոյան (Armenian National Music-ի համահիմնադիր, կոմպոզիտոր) - Մոտ 9000 էջ թվայնացված հայ երաժշտություն, ավելի քան 100 ստեղծագործություն ունենք: Մինչև 2025 թ. նպատակ ենք դրել, որ հայ երաժշտության թվայնացումը հասնի 100 տոկոսի:
Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը գնում է թվայնացման, հայ կոմպոզիտորների շատ ստեղծագործություններ մինչև օրս նվագախմբերը կատարում են ձեռագիր նոտաներից օգտվելով:
Սա Հայաստանում երաժշտական ստեղծագործությունների մեծամասշտաբ թվայնացման առաջին փորձն է: Ընդ որում, ոչ թե սկանավորվում է թղթի վրա գրվածը կամ տպվածը, այլ 0-ից հատուկ ծրագրով ստեղծվում է թվայնացված տարբերակը:
Լուսինե Կարապետյան (երաժշտական ստեղծագործությունները թվայնացնող, դաշնակահար) - Ծրագիրը հնարավորություն է մեզ տալիս, բացի կլավիրից, կոնկրետ այս ստեղծագործության դեպքում նաև առանձնացնել ջութակահարի պարտիան:
15 հոգանոց թիմից թվայնացմամբ զբաղվում են 5-ը: Հետո տեսագրում են կատարումներ, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչպես են հնչում արդեն թվայնացված ստեղծագործությունները: Նոտաների հետ տեղադրում են anmmedia.am կայքում, որ հասանելի լինի բոլորին:
Կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեշիշյանը ոլորտում լուրջ խնդիրներ է տեսնում: Ասում է, որ հայ կոմպոզիտորները հանրահռչակվելու խնդիր ունեն:
Տիգրան Քեշիշյան (Armenian National Music-ի համահիմնադիր, ջութակահար) - Ինքը ստեղծագործություն գրեց, հասանելի ա ընդամենը շատ փոքր սահմաններում ինչ-որ անձանց, բայց ոչ հասարակությանը: Ուզում ենք նախ՝ առաջինը կոմպոզիտորին հնարավորություն տալ դուրս գալ միջազգային շուկա, միանգամից: Ստեղծագործությունը գրեց, հնարավորություն ունի միանգամից դուրս գալու միջազգային շուկա:
Հայաստանում բնակվող կոմպոզիտորների ստեղծագործությունները հիմնականում մնում են թղթի վրա ու մեծ տարածում, ճանաչելիություն ձեռք չեն բերում, որովհետև ստեղծագործությունները թվայնացնելու համար ֆինանսական բավական միջոցներ են անհրաժեշտ:
Կազմակերպությունն օգնում է կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունները թվայնացնել և հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, ունենալ մեծաթիվ ունկնդիրներ ու հետևորդներ:
Մինչև տարեվերջ թվայնացված ստեղծագործությունների թիվը կավելանա ևս 60-ով:
Հեղինակ՝ Մերի Աղաջանյան