Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։