Այս անշուք, անհրապույր մարզասրահից ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են դուրս եկել: Սիմոն Մարտիրոսյան, Արսեն Մարտիրոսյան, Միլենա Խաչատրյան, Գևորգ Ալեքսանյան, աշխարհահռչակ մարզիկներ, որ մարզվել են Ջրառատի մշակույթի պալատի քարուքանդ այս սենյակում:
Աշոտ Փիլոսյան (ՀՀ վաստակավոր մարզիչ) - 2007 թվից ստեղ ենք, դրանից առաջ եղել ենք մանկապարտեզի շենքում, իսկ ավելի վաղ՝ երկաթգծի պադվալում: Շատ երեխաներ կան, որ եկել, պայմանները տեսել են ու փախել են, չեն մնացել:
Ծանրորդների դարբնոց Ջրառատի համար մարզադպրոցն անհրաժեշտություն էր դարձել: Ավելի քան 30 տարի համայնքը ծանրամարտի լավ ավանդույթներ է ունեցել: Բայց շենքային վատ պայմանները հնարավորություն չեն տվել պարապմունքներին ավելի մեծ թվով մարզիկներ ներգրավել: 2020 թվականին Կառավարությունը որոշեց աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունով ծանրամարտի դպրոց կառուցել այն համայնքում, որտեղ մարզվել է ծանրորդը: Շենքի հիմքերն արագ գցվեցին:
Աննա Մանուկյան (Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ) - Տարածքը ավագանին է հատկացրել, հավելյալ հատկացրեցինք նաև ավտոկանգառ:
Կառուցապատման պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, շինարարության համար պետությունը կծախսի մոտ 512 մլն դրամ: Համավարակի պատճառով աշխատանքները փոքր-ինչ դանդաղեցին, բայց շինարարներն արդեն օր ու գիշեր աշխատում են, որ մինչև տարեվերջ հասցնեն դպրոցը շահագործման հանձնել:
Արթուր Սիմոնյան (շինարար) - Լինելու է մոնոլիտ, միջնապատերը՝ քարով կամ շլակաբլոկով, որը նախատեսված է նախագծով: Նախատեսված է 9 բալ սեյսմակայունությամբ:
Դպրոցը երկու մարզադահլիճ կունենա, մեկը՝ մարզումների, մյուսը՝ մրցումների համար: Նախատեսված են նաև լողավազան, շոգեբաղնիք, հանդերձարաններ ու հանգստի սենյակներ: Կբարեկարգվի ու կկանաչապատվի նաև տարածքը:
Այստեղ կմարզվեն ոչ միայն Ջրառատի, այլև հարակից համայնքների պատանիներն ու աղջիկները:
Նարեկ Խաչատրյան (ծանրամարտի մարզիչ, մանկավարժ) - Այս մարզադպրոցը նպաստելու է ամբողջ տարածաշրջանի սպորտային կյանքի աշխուժացմանը: Այս պահին մեր մոտ մարզվում են 6-7 գյուղերի երեխաներ, դպրոցը հնարավորություն կտա աշխարհագրությունն էլ ավելի մեծացնել:
Դպրոցի մարզագույքը ևս պետությունը կգնի:
Չի բացառվում, որ այստեղ նաև ծանրամարտի Հայաստանի առաջնություններ կազմակերպվեն: