«Հայաստանի կայուն զարգացման միակ ճանապարհը տեխնոլոգիական զարգացումն է», «Մարտահրավերներին պետք է դիմակայել՝ առաջին հերթին տեխնոլոգիական տեսանկյունից»: Այս գիտակցումով է «Իմ քայլը» հիմնադրամը ազդարարում Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի մասին: Դասախոսություններ կկարդան հիմնականում արտասահմանյան առաջատար գիտական կենտրոնների ներկայացուցիչներ: Շատերը՝ ազգությամբ հայ:
Հայկ Սարգսյան (Quanta մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար) - Մեկ տարվա ընթացքում առնվազն երկու շաբաթով կայցելեն Հայաստան, դասախոսություններ կկազմակերպվեն մեր մագիստրոսների համար, այնուհետև նրանք անընդհատ կապի մեջ կլինեն իրենց ուսանողների հետ, որոշ երիտասարդներ նաև կներգրավվեն այդ գիտնականների կողմից ղեկավարվող գիտական խմբերի աշխատանքներին:
Մագիստրոսական ծրագրով հետաքրքրված երիտասարդների համար մինչև ընդունելության քննությունները դասընթացներ կանցկացնեն Հայաստանի առաջատար գիտնականները: Իսկ թե ովքեր կհրավիրվեն ամառային այդ դպրոցում սովորելու՝ կորոշվի գիտաժողովի ու օլիմպիադայի արդյունքում:
Հայկ Սարգսյան - Երիտասարդները գալիս են և իրենց հետաքրքրող այս կամ այն ոլորտի թեմաներ են ներկայացնում, և դա շատ աշխույժ ու կարևոր շփում է գիտնականների, դասախոսների, ուսանող երիտասարդների հետ: Երկրորդ փուլը լինելու է օլիմպիադա: Մենք կփորձենք հասկանալ՝ որքան հմտորեն են նրանք կարողանում այդ գիտելիքները կիրառել տարատեսակ խնդիրներ և պրոբլեմներ լուծելու համար:
Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային մակարդակ: Քննություն կլինի քվանտային ֆիզիկայից ու բարձրագույն մաթեմատիկայից:
Նատալյա Գրիգորյան (Հայ-ռուսական համալսարանի ինժեներաֆիզիկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողուհի) - Բավականին կարևոր է, որ կա նման միտում, որովհետև մենք շատ ենք ունենում այսպես ասած, էքսպորտ ուղեղների: Կխոստովանեմ, որ ես էլ եմ ունեցել մտադրություն գնալու, բայց եթե ծրագիրը հաջողվի (ու կհաջողվի), ես էլ կցանկանամ փորձել հայրենիքում իմ ուժերը:
«Քվանտա» մագիստրոսական ծրագիրը կլինի առանձին՝ չի գործակցի որևէ բուհի հետ:
Գևորգ Մելիքսեթյան (Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար) - «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծել է գերազանցության կենտրոն՝ հիմնարկ, որը արդեն դիմել է ԿԳՄՍՆ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն դառնալու կամ լիցենզիա ստանալու համար: Եվ որպես այդպիսին, լինելու է առանձին բուհ և իր մագիստրոսական կրթական ծրագիրն է իրականացնելու:
Գերազանցության կենտրոնը նախատեսում է հետագայում ընդլայնել գործունեությունը՝ ընդգրկելով բնագիտական և այլ ոլորտներ: Մագիստրոսական «Քվանտա» ծրագրի տևողությունը կլինի 1.5 տարի: Տարեկան բյուջեն մոտ 200 մլն դրամ է: Հաջողության դեպքում նաև ասպիրանտուրա կլինի: Հիմնադրամը նպատակ ունի նաև ապահովել շրջանավարտների ներգրավումը աշխատաշուկայում.
Գևորգ Մելիքսեթյան -- Այժմ աշխատանքներ են տարվում անվտանգության ոլորտի գերատեսչություններում տվյալ ոլորտի մասնագետների համար հաստիքների ստեղծման և հաշվի առելով աշխատաշուկայում մասնավոր և պետական ոլորտներում աշխատավարձային տարբերությունը, հիմնադրամը նախատեսում է հետագայում բազմապատկել մեր ծրագիրը ավարտած ուսանողների աշխատավարձը, ովքեր կաշխատեն պետական ապարատում:
Հաստիքային աշխատավարձը կվճարվի պետական բյուջեից, իսկ հիմնադրամը իր շրջանավարտներին հավելավճար կտա:
Հեղինակ` Աննա Զախարյան