«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկիներ ձեռք բերելու համար համայնքներն արդեն հայտեր են ներկայացնում Անտառային կոմիտե: Բայց անբարենպաստ եղանակի պատճառով նախաձեռնության մեկնարկն այս տարի մի քանի օրով կհետաձգվի:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ) - Նախատեսել էինք հենց մարտի 21-ին՝ Անտառագետի օրվա կապակցությամբ, քանի որ ձյուն ա տեղացել, կարծում եմ՝ անարդյունք կլինի ծառատունկը:
Շրջակա միջավայրի նախարարության ծրագրի շրջանակում միայն նախորդ տարի մեկ միլիոն ծառ է տնկվել՝ ասում է Անտառային կոմիտեի ղեկավարը: Ռեկորդներ նույնպես հասցրել են գրանցել:
Վլադիմիր Կիրակոսյան - 21 թվականի ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրվան նվիրված, ամբողջ հանրապետությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում 63 հեկտար, մոտ 190 հազար ծառ է տնկվել:
Մեկ հեկտարի վրա տնկվում է 3300 ծառ: Անտառային կոմիտեի նախագահը հավաստիացնում է՝ տնկիների խնդիր չկա. կառույցի ենթակայության ջերմատներում փակ արմատային համակարգով տարեկան աճեցվում է մինչև 1 միլիոն սերմնաբուսակ: Բացի դա, անտառտնտեսություններում էլ աճեցվում են բաց արմատային համակարգով տնկիներ: Ցանկալի է, որ հիմնական ծառատունկն արվի աշնանը՝ ասում են մասնագետները. այդ ժամանակահատվածում և՛ տեղումներն են շատ, և՛ տնկիների կպչողականությունն է բարձր:
Վլադիմիր Կիրակոսյան - 22 թվականի աշնանը պետական բյուջեի ֆինանսավորումով նախատեսվում է 207 հեկտար անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ, որից 130 հեկտարը անտառավերականգնում և անտառապատում, 77 հեկտարը կոճղաշիվային վերաճի օժանդակում:
Հայաստանում անտառներն անհամաչափ են տեղաբաշխված: Անտառապատման խիստ անհրաժեշտություն կա երկրի կենտրոնական հատվածում, որի միայն 2 տոկոսն է անտառապատ: Ամենաքիչ անտառներ Շիրակի մարզում են և մայրաքաղաքում: Շուտով Երևանում կսկսվի տարածքների տեղազննումն ու անտառատնկումը: Սյունիքի և Արագածոտնի անտառտնտեսություններում էլ, որպեսզի անտառների հիվանդությունների անցած տարվա պատկերը չկրկնվի, 4500 հեկտարի վրա ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ կիրականացվեն: