Միջազգային Fitch վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը անփոփոխ է թողել՝ B+՝ կայուն հեռանկարով: Վարկանիշն արտացոլում է Հայաստանում մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները, ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունը:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Էս պարագայում կայուն հեռանկարի պահպանումը միանշանակ դրական է՝ հաշվի առնելով՝ մեր հիմնական առևտրային գործընկերների մոտ ինչպիսի դրամատիկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այսպես թե այնպես ազդելու են Հայաստանի տնտեսության վրա:
Բացասական գործոններ են համարվել արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը: Կառույցի գնահատմամբ՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների փոխկապակցվածության բարձր մակարդակը՝ Հայաստանի վրա նաև բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի ճգնաժամի հետևանքները: Սակայն Fitch-ն ակնկալում է, որ Հայաստանը կհաղթահարի ցնցումներն առանց վճարունակության էական նվազման:
Կարեն Զաքարյան - Կարծում եմ՝ սա շատ կարևոր ազդակ է բոլոր էն մարդկանց համար, ովքեր նաև դիտարկում են դեպի Հայաստան տեղափոխվելը կամ Հայաստանում բիզնես անելը: Կարևոր ազդակ էր, որ Հայաստանում տնտեսությունը կայուն է: Եվ նաև պետք է ասենք, որ բոլոր մարտահրավերները հաշվի առնելով՝ կան նաև հնարավորություններ Հայաստանի տնտեսության համար, որոնք իրականացնելու համար պետք է բավականին ծանր աշխատանք կատարել:
Fitch-ի գնահատականներն օբյեկտիվ են, սակայն միևնույն ժամանակ պետք է կարողանալ օգտվել հնարավորություններից, որ այդ վարկանիշն ավելի բարելավվի՝ ասում է Կարեն Զաքարյանը:
Կարեն Զաքարյան - Պոտենցիալ իրացման հնարավորություն է ստեղծվել բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելու, որի պակասն էդքան շատ զգացվում էր: Այսինքն՝ մենք այստեղ կարող ենք թռիչքաձև զարգացման հնարավորություններ ունենալ: Մյուս կողմից՝ Հայաստանի բիզնեսի համար կարող է հնարավորություն ստեղծվել ռուսական շուկայում արևմտյան խոշոր խաղացողների դուրս գալու պարագայում:
Ըստ կառույցի գնահատականի՝ Հայաստանում գնաճը այս տարի միջինում 8.5 տոկոս կկազմի: Fitch-ը միևնույն ժամանակ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարվա համար՝ 5.3-ից դարձնելով 1.3 տոկոս, իսկ աճի տեմպը արդեն հաջորդ տարի կմեծանա՝ հասնելով 4.2 տոկոսի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան