Այսօր հրապարակված զեկույցով Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն՝ B+ վարկանիշը` կայուն հեռանկարով:
Հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:
Մասնավորապես, գործակալությունը պարզաբանել է, որ վարկանիշի պահպանումն արտահայտում է նույն գնահատականին արժանացած համադրելի երկրների համեմատությամբ մեկ շնչին ընկնող եկամուտների ամուր մակարդակը, կառավարման և բիզնես միջավայրի լավ ցուցանիշները, իսկ գնահատման հիմքում ընկած են ՀՀ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության կայուն շրջանակը և բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը:
Գործակալության գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տնտեսությունների միջև կարևոր կապերը։ Չնայած դրան՝ գործակալությունը գնահատում է, որ Հայաստանի Կառավարության և Կենտրոնական բանկի՝ շոկերին արձագանքելու կարողությունները և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները կարող են օգնել Հայաստանին՝ առաջացած տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, առանց պարտքի սպասարկման կարողությունների համար զգալի դժվարություններ առաջացնելու:
Չնայած ստեղծված իրավիճակի պայմաններում գործակալությունը կանխատեսում է 2022 թ. համար ՀՀ տնտեսական աճի որոշակի դանդաղեցում՝ զեկույցն արձանագրում է 2023 թ. համար տնտեսական աճի տեմպերի վերականգնման իր կանխատեսումները:
Գործակալությունն արձանագրում է նաև քաղաքական կայունության փաստը և հաստատում, որ 2021 թ. վերընտրված իշխանությունն ամրացնում է իր ձեռքբերումները: Զեկույցն արձանագրում է, որ չնայած կառավարման ցուցանիշների մի մասը զիջում է համադրելի երկրների միջին ցուցանիշներին, սակայն մարդկային զարգացման և բիզնեսի վարման ցուցանիշներով Հայաստանը զգալիորեն գերազանցում է: