Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար:
Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն: «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են: Իսկ «համաշխարհային հանրություն» կոչվածը փոքրիկ կղզյակ է անափ օվկիանոսում»,- նշել է ՌԴ նախկին նախագահը։
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում:
«Իսկ մեր թշնամիները, որոնք այսօր փորձում են սահմանափակել մեր զարգացումը և փչացնել մեր կյանքը, դեռ մեկ անգամ չէ, որ ցավով կզղջան իրենց արածի համար»,- վստահ է պաշտոնյան։
Մեդվեդևի խոսքով՝ արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին, պարզապես կատարել են իրենց երկրների իշխանությունների պահանջը: