ՌԴ ԶՈՒ-Ն ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 1 400 ՏԱՆԿ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 23-րդ օրն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ռուսական զինված ուժերն, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ուկրաինական կողմի շուրջ 1400 տանկ և այլ զրահատեխնիկա։
«Ռուսական զորքերը մեկ օրում առաջ են շարժվել ևս մի քանի կիլոմետր և գրավել են երկու բնակավայր։ Խոցվել է 81 ռազմական օբյեկտ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությանում։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն անդրադարձել է նաև հումանիտար միջանցնքերին։ Նրա խոսքով՝ նախօրեին Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 42900 մարդ։ Հատուկ օպերացիայի ընթացքում ընդհանուր առմամբ տարհանվել է 280 000-ից ավելի մարդ, որոնցից 61 000-ը՝ երեխաներ։
Ուկրաինական կողմն էլ հայտնում է Ռուսաստանի Զինված ուժերին հասցրած վնասների մասին։ «Մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը մասամբ ոչնչացրել կամ կասեցրել են ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը։ Խոցվել է հակառակորդի 14 օդային թիրախ, այդ թվում՝ 7 ինքնաթիռ և ուղղաթիռ»,- նշված է Ուկրաինայի ԶՈՒ հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ուկրաինական ուժերին առանձին ուղղություններում հաջողվել է կասեցնել Ռուսական ԶՈՒ-ի առաջխաղացումը՝ պատճառելով կորուստներ:
ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԴ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ընթացքը։ Մակրոնը վերահաստատել է հումանիտար և պաշտպանական ոլորտներում Ուկրաինային աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։ Ֆրանսիայի նախագահը չի բացառել նաև այցը Կիև և Մոսկվա։ Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար էլեկտրական հարվածի էին նման։ «Մենք պետք է վերականգնենք եվրոպական անվտանգության կարգը։ Ես երբեք չեմ մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, բայց նաև զգում եմ, որ դաշինքում ռազմավարական հստակություն է հարկավոր»,- ընդգծել է Մակրոնը։
ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԸ ԿԱԿՏԻՎԱՆԱՆ
Կիևն ու Անկարան պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքներըը Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան՝ Կիևում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք գիտակցում ենք, որ հենց նախագահ Պուտինի հետ է հարկավոր լուծել պատերազմի դադարեցման հետ կապված բոլոր առանցքային հարցերը»,- ասել է Կուլեբան։ Նա հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ շարունակելու դիվանագիտական ճանապարհով կրակը դադարեցնելու ջանքերը։
Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, ևս մեկ անգամ առաջարկել է Թուրքիայում անցկացնել նախագահների հանդիպումը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեմ չէ ուկրաինական կողմի առաջարկին, որ Թուրքիան դառնա Ոկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներից մեկը:
ՕՐԻՆԱԳԻԾ՝ ՌԴ-Ի ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 424, դեմ՝ 8 օրենսդիր։
Օրինագծի համաձայն՝ Ռուսաստանից և Բելառուսից ներմուծումներն ամերիկյան շուկայում կկորցնեն իրենց բարենպաստ դիրքը: Բացի դրանից՝ ռուսական և բելառուսական ապրանքների համար կսահմանվեն ավելի բարձր տուրքեր:
Լիազորությունները կգործեն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն կունենա վերականգնել այդ երկրների հետ նորմալ առևտրային հարաբերությունները, եթե նրանք դադարեցնեն իրենց գործողությունները Ուկրաինայի դեմ։
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿԻԵՎԻՆ
ԱՄՆ իշխանությունները զենք են մատակարարում Ուկրաինային ամեն օր կամ երկու օրը մեկ, Վաշինգտոնը մտադիր է մոտ ապագայում ևս շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։ «Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք ուկրաինացիներին տրամադրել ենք 300 միլիոն դոլարի ռազմական աջակցություն», - նշել է նա։
Սակիի խոսքով՝ ԱՄՆ-ը Կիևի հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։ Նա, սակայն, դժվարացել է հստակեցնել՝ ինչ տեսք կունենան Վաշինգտոնի և Կիևի միջև պայմանավորվածությունները։
Սակին հայտնել է, որ Ջո Բայդենը Չինաստանի նախագահի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է բացատրություն ստանալ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հետ կապված։ ԱՄՆ նախագահը կզգուշացնի Սի Ծինփինին, որ Չինաստանը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանին աջակցության դեպքում հնարավոր հետևանքները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության տնտեսական հետևանքներից։ «Այս իրավիճակը կազդի ողջ աշխարհի վրա։ Արդեն իսկ նկատվում է գնաճ, առկա են սննդամթերքի, վառելիքի մատակարարումների հետ կապված խնդիրներ»,- ընդգծել է նա։
ՈՐՈՇՈՒՄ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ԲՈԼՈՐ ԿԱՊԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բոլոր կապերը Բելառուսի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։
«Նախարարների կոմիտեն այս որոշմամբ կասեցնում է Բելառուսի իրավունքը՝ մասնակցելու կազմակերպության բոլոր ժողովներին ու միջոցառումներին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Որոշումը վերաբերում է նաև Բելառուսի մասնակցությանը Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի մասնակի համաձայնագրերին։