ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Վահրամ Դումանյանը կարևորել է սերտ համագործակցությունը դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ՝ ԿԳՄՍ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Նախարարը գոհունակություն է հայտնել ՀՀ մարզերում «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործման կապակցությամբ, որն ուղղված է նաև հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացմանը:
Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ավարտին մոտեցող ծրագրի ֆինանսավորումը կշարունակվի, և ծրագիրն առավել կընդլայնվի: Նախարարն անդրադարձել է նաև հնարավոր համագործակցությանը՝ ուղղված հատկապես բժշկական մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում օտար լեզվով դասավանդման որակի բարձրացման և դասախոսների՝ անգլերենի վերապատրաստման ուղղությամբ:
Վահրամ Դումանյանն ընդունել է մայիսի 22-25-ը Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության հրավերը և շնորհակալություն հայտնել Բրիտանական խորհրդին՝ համագործակցության և այցին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Դեսպան Ջոն Գալլագերն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից մեկն է:
Նա փաստել է, որ վերջերս եղել է Արարատի մարզի դպրոցներից մեկում, որտեղ իրականացվում է «Անգլերենի ակումբներ» ծրագիրը և տպավորվել դրա ընթացքից:
Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի փորձառությունը դրական ազդեցություն կունենա և կօգտագործվի ողջ հանրակրթական համակարգում: Նա վստահեցրել է, որ Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունն օգտակար կլինի տարբեր կառույցների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպման, ինչպես նաև Հայաստանի կրթության ոլորտի զարգացման և փորձի փոխանակման առումով:
Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մշակութային և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության համար սահմանվող կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) բրիտանական կրթական համակարգի լավագույն փորձի ներկայացման և մի շարք մշակութային ծրագրերի իրագործման տեսանկյունից:
Նշվել է, որ Բրիտանական խորհուրդը սերտ համագործակցում է նախարարության հետ մի շարք ծրագրերի ուղղությամբ. խորհուրդը մշակել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգ, ինչպես նաև իրականացրել է շուրջ 700 ուսուցչի վերապատրաստում (այս տարի նախատեսվում է վերապատրաստել ևս 1000-1500 անգլերենի ուսուցիչ): Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում մարզային կառույցների հետ համագործակցությանը, որն ուղղված է մշակույթի ոլորտի և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ մշակույթի ռազմավարության մշակման աշխատանքներին Բրիտանական խորհրդի աջակցության, մշակույթի ոլորտում կառավարչական փորձի փոխանակման, ուսանողների անգլերենի իմացության կատարելագործման, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվելու նպատակով TOEFL և IELTS թեստ հանձնելու վերաբերյալ հարցերը: