Ապօրինություններն արձանագրելու, թմրամիջոցների շրջանառությունն ու խաղամոլությունը կանխելու, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ ճնշումներն ու ոտնձգությունները բացառելու նպատակով Քրեակատարողական հիմնարկներում տեսահսկման սարքեր են տեղադրվում: Սկսել են ամենամեծից՝ Արմավիրից: Գործող համակարգին ծանոթանալու համար Արմավիրի կալանավայրում էին արդարադատության նախարարն ու միջազգային գործընկերները:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես եք ուզում բարելավել դատապարտյալների պահման պայմանները: Ուրախ եմ, որ օգտագործելով կառավարման նոր գործիքները և բարելավելով տեխնիկական հնարավորությունները՝ կարողացել ենք միասին կյանքի կոչել այս նախագիծը:
Արմավիր քրեակատարողականում 404 տեսախցիկ արդեն տեղադրվել է: Դրանք չկան միայն խցերում՝ չխախտելու համար դատապարտյալի անձնական կյանքի իրավունքը: Բայց քանի որ ապօրինությունները կարող են տեղի ունենալ հենց խցերում, հաստատության ամբողջ տարածքը ծածկող համակարգը կօգնի, որ դրանք բացահայտվեն խցից-խուց շարժերի ընթացքում:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի մեծ հնարավորություն՝ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում: Ճիշտ է՝ սա ամբողջությամբ չի լուծի ապօրինությունների հարցը, բայց էականորեն կնվազեցնի:
Քրեակատարողականում ցանկացած շարժ վերահսկվում է այս կենտրոնից: Խախտումներ ու անօրինություններ հայտնաբերելու դեպքում օպերատիվ կառավարման կենտրոնում արձանագրություն են կազմում, ներկայացնում համապատասխան բաժնի ղեկավարին:
Սերգեյ Ատոմյան (ԱՆ ՔԿԾ ղեկավար) - Շատ կարճ կտևի. անմիջապես վրա կհասնեն:
Կառավարման կենտրոնում ավելի քան 400 տեսախցիկի աշխատանք միաժամանակ վերահսկել հնարավոր չէ: Դրա համար գործի է դրվել այլ համակարգ նույնպես: Այն ուշադրություն է գրավում ձայնային ազդանշանով:
Արման Ասատրյան («Էլիպս» համակարգի ներկայացուցիչ) - Օպերատորը հավաքում և մոդելավորում է այն իրավիճակը, որ, եթե եղան շատ մարդիկ, տեսախցիկը կբերի:
Համակարգի առկայությունը զգոն ու զսպված է դարձրել ոչ միայն դատապարտյալներին, այլև ծառայողներին:
Արտակ Ղազարյան (Արմավիր ՔԿՀ պետ) - Հասկանում են, որ ամեն ինչ երևում է, ոչինչ չեն կարող գաղտնի անել, որովհետև մի մետր չկա, որ չտեսահսկվի:
Տեսահսկման համակարգը Երևանից դուրս գտնվող քրեակատարողականներում տեղադրելուց հետո կանցնեն մայրաքաղաքին: Բայց Երևանում դա կարվի կալանավայրերը միավորելու և դրանց փոխարեն նորը կառուցելու ընթացքում: Նոր քրեակատարողականի հասցեն արդեն հայտնի է:
Կարեն Անդրեասյան - Նոր ՔԿՀ-ն կառուցվելու է նախկին Էրեբունի ՔԿՀ-ի տարածքում, արդեն մոդելը պատրաստ է, կփոխարինի 4 ՔԿՀ-ներին: Երևանը կունենա 1 ՔԿՀ՝ բոլոր հնարավոր ռեժիմներով: Երկրաբանական աշխատանքներն արել ենք, մոտենում ենք ավարտին:
Տեսահսկման հաջորդ համակարգը կտեղադրվի Արթիկի կալանավայրում: