Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն չորրորդ շաբաթը: Իրավիճակը լարված է միանգամից մի քանի ուղղությամբ: Ներկայումս առավել թեժ մարտեր են ծավալվում Մարիուպոլ քաղաքի մոտակայքում: Ռուսական աղբյուրները հայտարարում են, որ իրենց գրեթե հաջողվել է վերցնել քաղաքը: Միաժամանակ, Մարիուպոլում Ուկրաինան զգալի ուժեր է կուտակել: Թե ինչպես է շրջափակման պայմաններում զորքը սպառազինություն ստանում՝ պարզ չէ, սակայն, քաղաքն ամբողջությամբ վերցնելու համար ռուսական կողմը ստիպված է լինելու մասշտաբային մարտերի բռնվել:
Ռուսաստանի առաջխաղացումը Խարկովի ուղղությամբ գրեթե դադարել է: Ուկրաինայի երկրորդ քաղաքի շուրջը նույնպես կենտրոնացել են զգալի ուժեր, սակայն այս խոշոր բնակավայրը վերցնել Ռուսաստանին դեռ չի հաջողվում: Այնտեղ այժմ ընթանում են տեղային մարտեր:
Նման պատկեր է ձևավորվել նաև Կիևի շուրջը: Պատերազմի առաջին օրերին Ռուսաստանը փորձում էր շրջափակել քաղաքը, սակայն հետագայում առաջխաղացում տեղի չունեցավ:
Ուկրաինայում ռազմական գործողություններն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով: Ռուսաստանն իր այսպես կոչված «հատուկ գործողությունն» սկսեց հրթիռային հարվածներով: Կիևում, Խարկովում և մի շարք այլ քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտները հայտնվեցին ժամանակակից զինատեսակների թիրախում:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը համալրվել են գերժամանակակից սպառազինությամբ, որին հավասարն աշխարհում չկա: Խոսքը գերձայնային հրթիռների մասին է, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, անխոցելի են յուրաքանչյուր տեսակի հակաօդային պաշտպանության համար: Որոշ աղբյուրներ գրում են, որ նաև այդ հրթիռներն են կիրառվել Ուկրաինայում: Պաշտոնական տեղեկություն չկա, սակայն խոսքը, հավանաբար, Калибр և «Ցիրկոն» հրթիռների մասին է: Նկատի ունենալով, որ գործողություններին նախորդած զորավարժությունների ընթացքում Ռուսաստանը «Իսկանդեր» զենիթա-հրթիռային համակարգեր էր տեղադրել Բելառուսում, կարելի է ենթադրել, որ գործի են դրվել նաև դրանք:
Զգալի վնաս հասցնելով ռազմական օբյեկտներին և Ուկրաինայի ՀՕՊ-ին՝ գործողությունների մեկնարկից ժամեր անց Ռուսաստանը սկսել է լայնածավալ կիրառել ավիացիա՝ գործի դնելով ՍՈՒ-25 գրոհայիններից մինչև Սու-35 կործանիչները:
Ռուսաստանը կիրառում է նաև հարվածային ԿԱ-52 ուղղաթիռներ: Օդում գերակայություն ստանալուց հետո ռուսական կողմը Ուկրաինայում սկսեց օգտագործել դեսանտային ուժեր:
Սակայն այդ մարտավարությունը էֆեկտիվ էր ռազմական գործողությունների մեկնարկին: Զուգահեռ՝ ռուսական կողմը սկսել էր առաջխաղացումը զրահապատ տեխնիկայի միջոցով:
Ուկրաինայի զինված ուժերի համար գրոհներին հակազդելու հիմնական միջոցը շարունակում են մնալ հակատանկային և հակազենիթային հրթիռային համակարգերը:
Նման սպառազինություն Կիևը ստացել էր Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներից: Խոսքը առաջին հերթին ժամանակակից ամերիկյան «Ջավելին» և բրիտանական «ԷնԼոու» համակարգերի մասին է:
Արդեն գործողությունների ընթացքում Կիևը նմանատիպ համակարգեր է ստացել նաև Գերմանիայից:
Չնայած ռազմական գործողություններից առաջ ռուսական կողմի հայտարարություններին, թե Թուրքիայի մատակարարած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերն ուղղված չեն Մոսկվայի դեմ, այդ ապարատները նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում Ուկրաինայի զինված ուժերի մարտավարությունում: Համացանցում կան տասնյակ տեսանյութեր, թե ինչպես է ռուսական տեխնիկան խոցվում «Բայրաքթարների» միջոցով:
Միաժամանակ ռուսական կողմը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերին հաջողվում է խոցել այդ ԱԹՍ-ները:
Անօդաչու թռչող սարքեր է կիրառում նաև ռուսական կողմը, այդ թվում՝ հարվածային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է «Ֆոռպոստ», «Օխոտնիկ» «Ինոխոդեց» տեսակի ԱԹՍ-ների աշխատանքի կադրեր:
Ուկրաինական կողմը բազմիցս դիմել է ՆԱՏՕ-ին՝ «օդը փակելու» խնդրանքով, սակայն Վաշինգտոնը և գործընկերները դեռ նման քայլի չեն դիմում: Դա փաստացի կնշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուղիղ կներգրավվի ռազմական գործողություններում:
Չնայած այդ հանգամանքին՝ Միացյալ նահանգները շարունակում է սպառազինություն մատակարարել Կիևին: Վերջին հրապարակային որոշմամբ՝ օգնության ծավալը կկազմի մեկ միլիարդ դոլար: Այն ներառում է ավելի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության 800 համակարգ, 9 հազար հակատանկային համակարգ, 7 հազար միավոր հրաձգային զենք և 20 մլն տարբեր ռազմամթերք, նաև մարտավարական անօդաչու թռչող սարքեր: