Արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները, արդիական թեմաներ են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ապրանքները, որոնց փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործված է ապօրինի, համարվում են կոնտրաֆակտ, այսինքն՝ կեղծ, նմանակված։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել է համաժողով, որի ժամանակ քննարկել են կոնտրաֆակտի մարտահրավերներն ու խնդիրները մեր երկրում:
Բերտրան Վենար (Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր) - Կոնտրաֆակտը մաս է կազմում տնտեսական կեղծիքի, իսկ այն բնորոշվում է 3 հատկանիշներով. մտադրված է, անօրինական է, ունենում է վատ հետևանքներ: Այսինքն՝ ստեղծելով կեղծ արտադրանք, այն ներկայացնում են իբրև օրիգինալ ու խաբում գնորդներին՝ վտանգի տակ դնելով անգամ նրանց կյանքը:
Քննարկման մասնակիցները նշում են, որ առևտրային հարաբերությունների գլոբալացումը, համացանցային առևտրի ակտիվացումը, ինչպես նաև տարածաշրջանային միասնական շուկաների ստեղծումը նպաստում են, որ կեղծված ապրանքների շրջանառության ծավալները մեծանան: Ուստի կոնտրաֆակտի դեմ պայքարը գերակա խնդիր է բոլոր ոլորտներում և կարող է կործանարար հետևանքներ ունենալ՝ հատկապես առողջության համար վտանգավոր կեղծված ապրանքների ռիսկերով պայմանավորված: Դեղերի ոլորտն ուսումնասիրած փաստաբան Գոհար Պետրոսյանը վստահեցնում է՝ ժամանակն է, որ Հայաստանը նկատելի ուժեղացնի կարգավորումները, վերացնի օրենսդրական բացերը:
Գոհար Պետրոսյան (փաստաբան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս) - Հնարավոր չէ ասել Հայաստանում որ դեղերն են կեղծվում կամ կա՞ն կեղծ դեղեր թե ոչ, իսկ Հայաստանում գրեթե չեն բացահայտվում:
Հայաստան դեղերի 80 տոկոսից ավելին ներկրվում է այլ երկրներից. կեղծված դեղերի հիմնական մասը ներմուծվում է Չինաստանից, Հնդկաստանից ու Վրաստանից՝- ասում է Պետրոսյանն ու ընդգծում՝ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետությունում արտադրված կեղծ դեղ կարող է շատ արագ հասնել նաև Հայաստան:
Գոհար Պետրոսյան - Աշխարհում ցանկացած դեղ կարող է կեղծվել, ու կեղծվում են այն դեղերը, որոնց պահանջարկը մեծ է:
Բերտրան Վենար - Մի քանի տարի առաջ կինս ասիական խանութներից լինզաների համար նախատեսված նյութ գնեց և ժամեր անց ոչինչ չէր տեսնում: Այս անձնական օրինակով կարող եմ ասել, որ կեղծ արտադրանքը կարող է վատ հետևանքներ ունենալ, հատկապես եթե դեղերի ոլորտին է վերաբերում:
Համաժողովին քննարկվեց կոնտրաֆակտի դեմ պայքարի՝ մեր երկրում գործող իրավական և այլ մեխանիզմների արդյունավետ օգտագործումը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի խոսքով՝ համաժողովը նաև կարևոր հարթակ է մասնավոր ու պետական ոլորտի մասնագետների, գիտական ոլորտի ներկայացուցիչների միջև կարծիքների և փորձի փոխանակման համար: