ԴՐԱՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՆ. ԼԱՎՐՈՎԸ՝ ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի ապազգայնականացումը ենթադրում է ռուսախոս բնակչության նկատմամբ խտրական օրենքների վերացում։ Այդ մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Դրանք իսկապես աննախադեպ են։ Ինչպես նախագահ Պուտինն է ասել, այդ սահմանափակումների քանակով մեզ հավասարը չկա՝ ավելի քան 5000 անհատական պատժամիջոց։ Սա գրեթե կրկնակ ավելի է Չինաստանի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դռները չի փակել Արևմուտքի առաջ, սակայն նրան այլևս վստահելի գործընկեր չի համարում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կարգավորելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները աստիճանաբար բնականոն հուն կվերադառնան։
Լավրովը հիշեցրել է, որ խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերն, ըստ օրենքի, չեն կարող փոխանցվել երրորդ երկրներին․ «Մոսկվան դա թույլ չի տա․ Ցանկացած բեռ, որը մուտք կգործի Ուկրաինայի տարածք, և որում, մեր գնահատմամբ, զենք կլինի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա»,- հավելել է նախարարը։
ԿԻԵՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԱՆԴԱՂԵՑՆԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՊՈՒՏԻՆ
Կիևն ամեն կերպ փորձում է դանդաղեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով անիրատեսական առաջարկներ։ Այդ մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այնուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է իր արդեն հայտնի պահանջների համատեքստում շարունակել լուծումներ փնտրել»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։
Շոլցը, իր հերթին, մատնանշել է Ուկրաինայում հրադադարի հաստատման և դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորելու կարևորությունը։
Կրեմլից հայտնել են, որ այսօր ՌԴ նախագահը հեռախոսազրույց կունենա իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Երկու երկրի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքը։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա կախված է նրանից, թե ինչ ձևակերպումներ կպարունակի իրավիճակի կարգավորմանն ուղղված համաձայնագիրը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտից հետո։ Ուկրաինական կողմի կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
ԵՎՍ 300 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինան ևս 300 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն կստանա Եվրամիությունից՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«ԵՄ-ն կշարունակի քաղաքական, ֆինանսական և հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ է ֆինանսավորում զենքի գնումն ու մատակարարումը մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր Կիևին 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագիրը։
ՌԴ ԶՈՒ-Ն ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 1 400 ՏԱՆԿ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ
Ռուսական զինված ուժերն, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ուկրաինական կողմի շուրջ 1400 տանկ և այլ զրահատեխնիկա, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Ռուսական զորքերը մեկ օրում առաջ են շարժվել ևս մի քանի կիլոմետր և գրավել են երկու բնակավայր։ Խոցվել է 80-ից ավելի ռազմական օբյեկտ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ շարքից հանվել է Ուկրաինայի զինված ուժերի կապի հանգույցը։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն անդրադարձել է նաև հումանիտար միջանցնքերին։ Նրա խոսքով՝ նախօրեին Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 42900 մարդ։ Հատուկ օպերացիայի ընթացքում ընդհանուր առմամբ տարհանվել է 280 000-ից ավելի մարդ, որոնցից 61 000-ը՝ երեխաներ։
Ուկրաինական կողմն էլ հայտնում է Ռուսաստանի Զինված ուժերին հասցրած վնասների մասին։ «Մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը մասամբ ոչնչացրել կամ կասեցրել են ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը։ Խոցվել է հակառակորդի 14 օդային թիրախ, այդ թվում՝ 7 ինքնաթիռ և ուղղաթիռ»,- նշված է Ուկրաինայի ԶՈՒ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են նաև ինը անվտանգ միջանցքով Դոնեցկի, Սումիի և Խարկովի շրջանների խաղաղ բնակչության տարհանում իրականացնել և հումանիտար օգնություն տրամադրել։ Մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկվել Մարիուպոլի մի խումբ խաղաղ բնակիչների Զապորոժիե տեղափոխելու համար։