Երևանյան լճի աջակողմյան այս հատվածում քաղաքապետարանը նախատեսում է հանգստի գոտի կառուցել: Շուտով մրցույթ կհայտարարվի, ու եթե ամեն ինչ ընթանա ինչպես ծրագրված է, աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա վերջին:
Երևանի բնակիչներն ու հյուրերը նորակառույց գոտում հնարավորություն կունենան հանգստանալ, հեծանիվ քշել ու նաև մարզվել: Նախատեսվում է բարեկարգել ափամերձ անխնամ ու զառիթափ տարածքի 2.8 հա-ը, որն ընկած է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու մոտակա բենզալցակայանի միջև: Տարածքի 2.1 հեկտարը կկանաչապատվի, և միայն մնացած մասը կհատկացվի մյուս նպատակների համար:
Էդվարդ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ) - Նախատեսում ենք տնկել 300 հատ ծառ՝ տարբեր տեսակի ծառեր, մոտավորապես 2100 հատ էլ թփեր՝ ճանապարհի երկայնքով, ճեմուղիների՝ լանջից իջնող հատվածներում տեսքը գրավիչ դարձնելու համար:
Ոռոգման նպատակով պետք է լինի 1100 գծամետր ցանց: Հենց լճի ջրով էլ կանաչ տարածքները կոռոգվեն: Թեք լանջերում սևահող կավելացվի: Լճում նաև մաքրման աշխատանքներ կիրականացվեն:
Էդվարդ Շաքարյան - Կանաչ զանգվածից բացի՝ նախատեսված է ճեմուղի բնակչության համար, ափի երկայնքով, զառիթափ հատվածում մենք հենապատ ենք կառուցում, ստանում ենք բավական մեծ հարթ տարածք:
Լճի հարևանությամբ նաև հեծանվուղի կկառուցվի՝ ռետինե ծածկույթով: Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինի բիոզուգարան: Տարածքը կլուսավորվի էներգախնայող լեդ լույսերով, որոնք կաշխատեն արևային մարտկոցներով: Կառուցվող հանգստի գոտին պետք է հասանելի լինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց ու մանկասայլակների համար: Երևանյան լճի բարեկարգվող տարածքում հնարավոր կլինի հանգիստն ու ժամանցը համատեղել առողջ ապրելակերպի հետ: Ափամերձ տարածքի 210 քմ հատվածը առանձնացվելու է մարզումների համար:
Էդվարդ Շաքարյան - Պետք է տեղադրենք 12 կոմպլեկտ մարզասարքեր:
Ափամերձ տարածքի լանջի հատվածում էլ բետոնե հարթակ է կառուցվելու՝ Հայաստանի դրոշի գույներով, որտեղ երիտասարդները կկարողանան հավաքվել, զրուցել, քննարկումներ անցկացնել: Երևանի քաղաքապետարանը մանրամասն ծրագրել է՝ ինչպիսի տեսք է ստանալու լճի բարեկարգվող տարածքը, նաև հաշվարկել է, որ առավելագույնը 190 մլն դրամ կպահանջվի: Քաղաքային բյուջեից գումարը հատկացվել է, մնում է կապալառու կազմակերպությունն ընտրվի մրցութային կարգով: Քաղաքապետարանում հույս ունեն, որ արդեն երկու ամսից նախատեսված աշխատանքները կսկսվեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան