Քննարկվում է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը: Նախաձեռնությունը ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրինն է: Ռազմավարությունը ներկայացնում է արդարադատության փոխնանախարարը, սեղանի մյուս կողմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են: Նոր ռազմավարության նախագիծը արդեն մեկ շաբաթ է e-draft հարթակում է, հիմա գերատեսչությունը փորձում է ի մի բերել հասարակությանը հուզող խնդիրներն ու առաջարկները:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նոր ռազմավարության նախագծով ամրագրել ենք 14 ռազմավարական նպատակ, որոնց իրականացման համար առանձնացված են տարբեր ուղղություններ և արդեն դրան համապատասխան կոնկրետ միջոցառումներ՝ իրենց ժամանակացույցերով:
Նոր ռազմավարության կարևոր դրույթներից են անցումային արդարադատության գործիքների կիրառումը, արդեն մեկնարկած սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ընտրական ու դատական համակարգերի բարելավումը: Գրիգոր Մինասյանը հատուկ ընդգծում է «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծումն ու բազաների մատչելիության ապահովումը:
Գրիգոր Մինասյան - Դա բազմիցս քննարկված е-justice համակարգն է, որի տարբեր մոդուլներն արդեն այսօր քայլեր են ձեռնարկվել և մոտ ապագայում հերթով կսկսեն իրականանալ, բայց, ի վերջո, ստանալու ենք նոր պլատֆորմ՝ е-justice պլատֆորմը, որի միջոցով ոչ միայն գերատեսչությունները կիրականացնեն իրենց ներքին գործընթացները, այլև քաղաքացին ի վերջո հնարավորություն կստանա դատական պրոցեսներ իրականացնել թվային տեխնոլոգիաներով, և անձամբ ես ունեմ համոզմունք, որ լավագույն ձևը կոռուպցիայի նվազեցման և մարդկային միջամտության նվազեցման՝ հենց թվայնացումն է:
Փաստաթղթում ներառված են նաև քրեաիրավական, քաղաքացիական, վարչական, սնանկության ոլորտների բարեփոխումերը: Առանձնացված է նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը՝ անհրաժեշտ է զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: Նոր գործիքակազմը խոստումնալից է, սակայն դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ՝ իր դիրքորոշումն է ներկայացնում Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Ոնց ենք վերացնելու էս անհամաչափությունը, երբ որքան էլ երկիրը հռչակել է իրավունքի գերակայություն, այդուամենայնիվ, բազում առումներով՝ նույն դատարաններում, նույն արդարադատության հաստատություններում ավելի շատ երևի առաջնորդվում են օրենքի գերակայության իրավական ֆորմալիզմով, ինչից տուժում է իրավունքը:
Գրիգոր Մինասյան - Արդարադատությունը որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին, օրենքով գործառույթները, որոնք դրված են մեզ վրա, մենք անում ենք, գնում ենք այդ ուղղությամբ: Մի քիչ լավ է ստացվում, մի քիչ վատ է ստացվում, բայց մենք մեր ուղիով գնում ենք՝ հավատալով, որ սա արդյունք տալիս է: Հիմա դատավորների անուններ չտալով, քեյսեր չբացելով՝ դուք տեսնում եք, գիտեք, որ մենք որոշակի արդյունք ունենք:
Քննարկումն առողջ է և արդյունավետ՝ արձանագրում է Մինասյանը: Առաջարկները ֆիքսել են, մեծ մասը կարտացոլվեն ռազմավարության մեջ: Արդարադատության նախարարությունը ռազմավարության արդեն լրամշակված նախագիծը մինչև ապրիլի մեկը կներկայացնի Կառավարություն: Նախատեսել են, որ վերջնական փաստաթուղթը մինչև հուլիսի 1-ն ընդունված կլինի: