Մարտի լույս 8-ի գիշերը՝ ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզեցին, որ տղամարդուն բուժհաստատություն են տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Դեպքի վայր մեկնեցին նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում։
Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով կատարողի ինքնությունը։
Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկել, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։