ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին` հավելելով, որ Չինաստանը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանին աջակցության դեպքում սպասվող հետևանքները։
Նրա խոսքով` Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հետ կապված:
Սպիտակ տունը Չինաստանի նախագահին կոչ է արել դատապարտել Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող ռազմական գործողությունը: Թե Չինաստանի համար ինչ հետևանքներ կունենա ՌԴ-ին ռազմական աջակցության ցուցաբերումը, Սպիտակ տանը չեն բացահայտել` նշելով, որ այդ մասին ԱՄՆ նախագահն անձամբ կասի Չինաստանի իր գործընկերոջ հետ զրույցում: