Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ ընտանիքում ջերմություն կա՝ ասում է Հայկ Միրզոյանը: Այս տարի նա 5-րդ անգամ հայր է դարձել:
Հայկ Միրզոյան (ծրագրի շահառու) - Հաշիվը եղավ 3-2՝ օգուտ մեզ, առայժմ:
Երեք որդի, երկու դուստր: Երիտասարդ հայրիկի խոսքով՝ հայրենիքը շենացնելու համար պարտավոր ենք բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Հայկ Միրզոյան - Իհարկե, դժվարություններ կան, տան հարց կա, բայց դա աշխատանքի հետ լուծվող հարց է: Հիմա, օրինակ, ես այս տունը, որ տեսնում եք, ամբողջությամբ կառուցել եմ իմ ներուժով և վարկային միջոցների հաշվին:
Պետությունը երեխա ունեցող ընտանիքներին 2020-ի հուլիսից աջակցում է բնակարան ձեռք բերելու հարցում: 5-րդ երեխայի ծննդից հետո ծրագրից օգտվեց նաև Հայկի ընտանիքը:
Հայկ Միրզոյան - Մեր դեպքում ունենք հիփոթեքային վարկ, ապա կոնկրետ հինգերորդ երեխայի պարագայում հաշվարկվում է առավելագույնը 2 միլիոն դրամի չափով հիփոթեքի մայր գումարի մարում, որը և ես ստացել եմ:
Այս տարվա հունվար-փետրվարին երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության աջակցության ծրագրից արդեն 394 շահառու է օգտվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աջակցություն էր ստացել 185 շահառու:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Ունենք դիմումների քանակի կտրուկ աճ, ինչով էլ պայմանավորված՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 526 միլիոն դրամի փոխարեն:
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն, կանխավճարի ապահովագրություն, երեխայի ծննդյան աջակցություն:
Ծրագրերի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել ընդհանուր 2788 շահառու: Օրինակ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով հիփոթեքային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է մայր գումարի մարմանը:
Գայանե Ղարագյոզյան - Ծրագրի հիմնական պայմաններն են, որ երեխան պետք է ծնվի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և ծրագրում ընդգրկվելու համար շահառուն պետք է դիմի մինչև երեխայի մեկ տարին լրանալը, անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները չպետք է գերազանցեն 30 միլիոն դրամը, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելացվում է ևս 5 միլիոն դրամով:
Դիմելու օրվա դրությամբ շահառուն պետք է հիփոթեքի՝ առնվազն 12 ամսվա մարում ունենա, և վերջին 12 ամսվա ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրացուցային օրը: Աջակցության չափը առաջին և երկրորդ երեխայի դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ, իսկ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը՝ մինչև 1.5 միլիոն դրամ: 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը՝ մինչև 4 միլիոն դրամ: Աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդի հիման վրա: Միաժամանակ մեկից ավելի երեխա, օրինակ եռյակի ծնվելու դեպքում աջացության չափը հաշվարկվում է ծնված երեխաների քանակին համապատասխան:
Գայանե Ղարագյոզյան - Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, որն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին է տրամադրվում աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի ֆինանսավորմանը:
Ի դեպ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցության ծրագրերից օգտվելու հայտերն ավելացել են: Արդեն 475 շահառու աջակցություն է ստացել: