ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դրական եզրակացության արժանացավ ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» փաստաթուղթը:
«Նպատակն է պետության յուրաքանչյուր անձի ներկայացրած հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2009 թ. հունիսի 18-ին: Նպատակն է իր անդամ պետություններում յուրաքանչյուր անձի՝ ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը:
Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան 2020 թ. հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում ստորագրել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2020 թ. դեկտեմբերի 1-ին:
Ներկայումս Կոնվենցիան ստորագրել է 18 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետության համար:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ Հայաստանը բազմաթիվ քայլեր է իրականացնում տեղեկատվության ազատության, հրապարակայնության և թափանցիկության ապահովման համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է սեփական օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն ունի տեղեկատվության ազատության ոլորտում զարգացած հարուստ և այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար:
Կոնվենցիան առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որ ամրագրում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը: