Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ Արարատ Միրզոյանը վճռականություն է հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու հարցում:
Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգանում և ամրապնդվում են հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը, որի վառ վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները։
Լուիջի Դի Մայոն hավելել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև նպաստավոր հարաբերությունները ձևավորում են կայուն առևտրատնտեսական և մշակութային կապեր, որոնք համալրվում են տարբեր ոլորտներում առկա համագործակցությամբ։