Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Չինաստանը կցանկանար տեսնել՝ ուրբաթ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում՝ հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները կրկին ցույց են տալիս, որ երկրների հարաբերությունները չպետք է հասնեն ռազմական առճակատման:
«Բախումները, առճակատումները ոչ ոքի ձեռնտու չեն: Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաարժեքավոր ձեռքբերումն են»,- ասել է Չինաստանի ղեկավարը։
Սի Ծինփինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը ոչ միայն պետք է զարգացնեն երկկողմ հարաբերություններ, այլև միջազգային պատասխանատվություն ստանձնեն և ջանքեր գործադրեն գլոբալ խաղաղությունն ու հանգստությունը պահպանելու համար։
Մինչ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում Բայդենը Չինաստանի ղեկավարին կզգուշացնի պատասխանատվության մասին՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելու դեպքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին, «հատկապես նրանց, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր լծակները»։