Made in Armenia ապրանքանիշով կոշիկի հերթական խմբաքանակը շուտով կհասնի իր գնորդին
Լինի՝ ռուս, բելառուս, թե իտալացի, հայկական արտադրության կոշիկն արտասահմանում սկսել է շատերին հետաքրքրել: Պահանջարկն է մեծացել, ասում է կոշիկ արտադրող և արտահանող ընկերության տնօրենը: Կոշկագործության ավանդույթները Հայաստանում վերածնունդ են ապրում. ասում Կարեն Թարվերդյանը:
Կարեն Թարվերդյան (Ellasi ընկերության տնօրեն) - Ես գիտեմ լուրջ մարդիկ, լուրջ ընկերություններ, որ հետաքրքրված են ստեղ կոշկագործությունը զարգացնելու, ու քայլեր են անում: Ինձ թվումա մի քանի տարի հետո, եթե չհասնենք՝ մոտենալու ենք լուրջ քանակների:
Ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: Պատժամիջոցները հայ գործարարների համար թեև խնդիրներ են ստեղծել, սակայն Կարեն Թարվերդյանի կարծիքով՝ ռուսական շուկայում ամրապնդվելու նոր հնարավորություններ են ստեղծվել:
Կարեն Թարվերդյան - Ավելի լավ դիրքերում ենք լինելու գնային առումով, ու էդ ազատված շուկան ով կարողացավ մտնի ու տեղավորվի՝ շատ մեծ հաջողություններ է ունենալու:
Վերջին շրջանում հայ արտահանողները սկսել են օգտվել նաև Էլեկտրոնային առևտրային հարթակների ընձեռած հնարավորություններից: Էլլասիի արտադրատեսականին հիմնականում վաճառվում է հենց այդ հարթակների միցոցով; Գնորդները թե՛ Հայաստանից են, թե՛ արտասահմանից: Կարեն Թարվերդյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել գնորդի հետ:
Կարեն Թարվերդյան - Էլ արանքում մարդիկ չեն մտնում, միջնորդներ չեն լինում:
Օնլայն առևտուրն ու արտահանումը խթանելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, կառավարությունը ծրագրեր է իրականացնում: Առաջիկայում մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսավճար չի գանձվի:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մինչև այս 200 եվրոյին համարժեք ապրանքները երբ արտահանվում էր երկրից, վճարվում էր որոշակի գումար, ինչը խոչընդոտ էր մեր ապրանքների արտահանումների համար, էն արտահանողների, որոնք մանրածախ առևտրով են զբաղվում:
Նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով տեղափոխվող մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող ապրանքները:
Ռաֆայել Գևորգյան - Սա չի լինի մեր վերջին նախաձեռնությունը: Փորձում ենք կազմել նոր ռազմավարություն որով կխթանենք էլեկտրոնային առևտուրը Հայաստանում:
Փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտները կնվազեն մոտ 100 մլն դրամով, սակայն, փոխնախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կմեծացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը: Ի դեպ, օնլայն առևտուրը խթանելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ևս բարեփոխումներ է իրականացնում: ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքի ապրանքների ներմուծման սահմանաչափը հասցվել է 1000 եվրոյի: Նախկինում այն կազմում էր 200 եվրո: Նոր կանոնները կգործեն ժամանակավոր՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան