Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 17-ին հայտարարել է, որ դադարեցնում է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները, իսկ պատճառը ռուս-ուկրաինական ճգնաժամն է։
Եվրախորհրդի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Բելառուսն այլևս չի կարող մասնակցել կազմակերպության բոլոր հանդիպումներին և միջոցառումներին, միաժամանակ նշվում է, որ կամրապնդվեն հարաբերությունները երկրի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ։
Իր հերթին, Բելառուսի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ «Եվրախորհուրդը կանխատեսելիորեն հետևել է Արևմուտքում այն ուժերի օրինակին, որոնք ուկրաինական իրադարձությունների ֆոնին ձգտում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելափակել միջազգային երկխոսության ուղիները»։
Բելառուսի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ Եվրոպայի խորհրդի «անհեռատես դիրքորոշումը» վնասում է հենց կազմակերպությանը, որն իրեն զրկում է փորձագիտական ներուժը կիսելու հնարավորությունից, բացի դրանից՝ դադարեցնում է կառուցողական փոխգործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ մահապատժի հարցով։