Շենքը ձևախեղած ինքնակամներ, դրանց էլ ավերացրած կցակառուցներ․ ո՞ր բնակչի իրականացրած շինարարությունը կօրինականացվի, որինը՝ ոչ՝ դեռ պարզ չէ։ Հստակ է մի բան․ Կառավարության վերջերս ընդունած որոշման համաձայն՝ առանց թույլտվության կառուցած պատշգամբ լինի թե ավտոտնակ, եթե սահմանված ժամկետներում հաշվառման չներկայացվի, դրա օրինականացումը չի էլ քննարկվի։ Կադաստրից հիշեցնում են՝ մարտի 15-ին ավարտվեց 2021 թվականին կառուցված ինքնակամների հաշվառումը։
Գևորգ Մանուկյան (ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ) - Մարտի 15-ի դրությամբ ստացել ենք 3135 հաշվառման փաթեթ, որոնք կազմված են եղել 21 թվականին կառուցված ինքնակամների համար:
Որևէ վերլուծություն առայժմ չկա՝ հաշվառված ինքնակամների ո՞ր մասն է մայրաքաղաքում, որը՝ մարզերում։ Գնահատական չկա նաև անցած տարի առաջացած ապօրինիների քանի՞ տոկոսն է բնակչությունը ներկայացրել հաշվառման։ Դատելով վիճակագրությունից՝ նախորդ տարիներին կառուցածը ներառյալ, այս պահին բազա է մուտքագրված ընդհանուր 6200 դիմում: Մանուկյանը պնդում է երկրում սերտիֆիկացված չափագրողների քանակն ու ծրագրի հզորությունը քաղաքացիներին թույլ էին տալիս հասցնել օգտվել վերջի հնարավորությունից։ Էլեկտրոնային համակարգում ուշացումով 2021 թվականին կառուցած ինքնակամի փաթեթ ավելացնել այլևս հնարավոր չէ, քանի որ սերվերն ավտոմատ փակել է այդ պատուհանը։
Գործընթացի պատասխանատուն հորդորում է՝ դիմում ներբեռնելը վերջին օրվան չթողնել․ 2021-ի փաթեթների դեպքում՝ 3000 հայտից մոտ 500-ը վերջին երկու օրում են ստացել։ Ի դեպ, հաշվառած ինքնակամներն օրինականացնելու խնդրանքով մարդիկ արդեն կարող են դիմել քաղաքապետարան-գյուղապետարաններին։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն ինքնակամներին, որոնք կառուցողները այդպես էլ չեն դիմել հաշվառելու համար: Օրենքը հեղինակած Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են․
ՀՀ արդարադատության նախարարություն. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցները, որոնք մինչև 2022 թվականի մարտի 15-ը չեն հաշվառվել, այլևս ենթակա չեն օրինականացման։
Տեղեկանքում չի նշվում՝ չօրինականացվող գույքը կքանդվի՞, թե՞ կթույլատրվի օգտագործել առանց սեփականության ու վաճառքի իրավունքի։ Մինչև 2021 թվականը ինքնակամ կառուցածներին հիշեցում․ օրինականացնելու նպատակով գույքը հաշվառել կարող են Երևանում՝ մինչև այս տարեվերջ, երկրի մյուս քաղաքներում՝ մինչև 2024, գյուղերում՝ մինչև 2025 թվականը։