2021 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771, իսկ 2020 թվականին՝ 1922 ծառայողական քննություն: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն, 15 ծառայողի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամկետով, 1 ծառայողի պաշտոնն իջեցվել է 1 աստիճանով, 1 ծառայողի կոչումն իջեցվել է 1 աստիճանով, 41-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից»,- ասաց Ֆիդանյանը:
Ֆիդանյանն անդրադարձավ նաև պարեկների կողմից կաշառք ստանալու դեպքին:
Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ։ Պարեկներից մեկը ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
«Ցավալի դեպք էր ու բոլորիս համար անսպասելի: Հնարավոինս ամեն ինչ արվում է, որ տվյալ անձինք սոցիալապես ապահով զգան իրենց: Մինչ օրս որևէ քաղաքացուց ահազանգ չենք ստացել նման երևույթների առնչությամբ: Այս դեպքի բացահայտումը ոստիկանության աշխատանքների շնորհիվ էր»,- ասաց նա: