Ոստիկանությունում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Խոսելով բարեփոխումների մասին՝ գնդապետն անդրադարձավ պարեկային ծառայությանը, նշեց՝ նախատեսում են ապրիլին գործարկել պարեկային ծառայության ստորաժանումները՝ Շիրակի և Լոռու մարզերում:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Տեղակայման վայրերն արդեն իսկ ընտրված են, շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրվել է, ընթացքում են նաև պարեկային ավտոմեքենաների ռադիոկապի, համակարգի, զենքի տեխնիկական և սպառազինության այլ միջոցների ձեռքբերման գործընթացը:
Նախատեսված 606 տեղի համար արդեն դիմել է 643 քաղաքացի: Պարեկային ծառայության համար նախատեսված 140 մեքենայից 40-ը արդեն գնվել է: Պարեկային ծառայության ներդրումը նախատեսված է 2024 թվականին, մինչդեռ Ֆիդանյանի կարծիքով՝ գործընթացը 2023-ին կավարտեն: 9 ամսվա ընթացքում պարեկային ծառայությունից ազատվել է 5 աշխատակից, մեկ պարեկ ձերբակալվել է օրեր առաջ՝ կաշառք ստանալու համար:
Արա Ֆիդանյան - Կարծում եմ, որ սա բացառիկ դեպքերից է: Ինչու. որովհետև մինչ օրս որևէ քաղաքացուց նույնիսկ մենք ահազանգ չենք ստացել նման երևույթների առնչությամբ:
Անդրադարձ եղավ նաև ոստիկանների վերաբերյալ կատարված ծառայողական քննություններին, ըստ որի՝ 41-ն ազատվել են աշխատանքից, կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն: Փոխոստիկանապետը խոսեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ոստիկանության ծառայողների մասին, ասաց՝ աջակցում են հատկապես աշխատանք գտնելու հարցում:
Արա Ֆիդանյան - Հաշմանդամություն ունեցող 11 անձից 5-ը ցանկություն են հայտնել շարունակելու իրենց աշխատանքը ոստիկանությունում: Ի դեպ՝ 2-ն արդեն իսկ աշխատում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իսկ 3 ծառայող էլ Շիրակի և Լոռու մարզերում համապատասխան ստորաբաժանումների ձևավորումից հետո աշխատանքի կանցնեն այդ ստորաբաժանումներում:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն էլ խոսեց հանցագործությունների աճի ու դրանց բացահայտման ցուցանիշի մասին, նշեց՝ 2021 թվականին աղմկահարույց բոլոր սպանությունները բացահայտվել են: Առանձնացրեց Քանաքեռում քրեական հեղինակություն համարվող Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի, ևս երեք անձի ու Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքերը:
Արամ Հովհաննիսյան (ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ) - «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած սպանության գործով կատարող անձը՝ ՌԴ քաղաքացի, ազգությամբ ռուս, դեռևս գտնվում է հետախուզման մեջ, իսկ պատվիրատուի հետ կապված նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ասել:
Հովհաննիսյանը խոսեց նաև Հայաստանում միգրացիոն հոսքերի մասին։ Նշեց՝ իրավիճակը կառավարելի ու վերահսկելի դարձնելու նպատակով ոստիկանապետը տվել է հստակ հանձնարարականներ՝ Հայաստան ժամանած այլ պետությունների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և հանցավոր երևույթները կանխելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան