Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն, մասնավորապես, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են, այնպես որ, դա շատ կարևոր ուղղություն է, և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք:
Ես, օրինակ՝ հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան մեր՝ առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, որովհետև մենք չգիտենք, չենք գնահատել, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա, երբ աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ: Հետո պարզվում է՝ մեր բյուջեից ինչքան գումար է ծախսվում, և այդ ծախսերով չենք կարողանում մեր քաղաքացիների առողջապահական խնդիրները հոգանք:
Մեր ռազմավարություններից բխում է, որ առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը, և մենք գնալու ենք այս ճանապարհով, սա շատ կարևոր ճանապարհ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: