«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Quanta ծրագրի շրջանակներում մագիստրատուրա ընդունվածները կունկնդրեն արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականների:
Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, որի հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
Ծրագրի ուսուցումը ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը: Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային մակարդակ:
Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները, մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:
Ծրագրի ավարտին ակնկալվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքին և գիտական խմբերում, պետության անվտանգային համակարգի համար կդառնան բարձրորակ մասնագետներ։