Ցորենի, գարու, եգիպտացորենի դեֆիցիտ Հայաստանում չի լինի՝ տարեսկզբից ներկրման թվերի վերլուծության հիման վրա եզրակացնում են էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության վարչության պետն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Վերլուծել ենք տարվա սկզբից առկա ներմուծված ծավալները, ասեմ, որ ներմուծումները կազմել են 76 հազար տոննա ցորեն, 12 հազար տոննա գարի և 22 հազար տոննա եգիպտացորեն, և նաև հաշվի առնենք, որ կուտակված պաշարներ կան, մենք այս պահին էական ռիսկ չենք տեսնում:
Սամվել Ավետիսյան (ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ես էլ եմ կարծում, որ էդպիսի սուր դեֆիցիտ Հայաստանում չի առաջանա, որովհետև մենք իսկապես ունենք որոշակի պահուստային պաշարներ:
Հայաստանն Ուկրաինայից հացահատիկ չի ներմուծում: Հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որտեղ տարեկան արտադրվում է 76 միլիոն տոննա ցորեն: Հայաստանում ցորենի տարեկան սպառումն այնքան փոքր է, որ Ռուսաստանում արտադրված ծավալի վրա էականորեն չի ազդում:
Գևորգ Ղազարյան - Ներմուծման մեր պահանջարկը կազմում է 300 հազար տոննայից ոչ ավելի:
Եթե հացահատիկային մշակաբույսերի վրա Ռուսաստանն արգելք է սահմանել, ալյուրի դեպքում սահմանափակում չկա: Նույնը վերաբերում է աղացած գարուն և եգիպտացորենին: Սակայն սա չի նշանակում, որ երկրի հողերը չպետք է մշակվեն: Հայաստանում 56 հազար հեկտարի վրա են ցորեն ցանում, մինչդեռ թիվը կարելի է կրկնապատկել՝ վստահ է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը: Հնարավոր է գոնե սպառման 40 տոկոսի չափով տեղում արտադրել, եթե գյուղատնտեսական սուբսիդիան տրվի անմիջապես գյուղացուն: Ցորենի դեպքում տարվա ընթացքում մեկ հեկտարի վրա ծախսվում է 350 հազար դրամ, ստացվում է 120 հազար եկամուտ:
Սամվել Ավետիսյան - Եթե մենք դիզվառելիքը, պարարտանյութը, սերմացուն, ապահովագրավճարը սուբսիդավորում ենք 50-60 տոկոսով, ուրեմն պետք է հեկտարի հաշվով 150 հազար դրամ սուբսիդավորում տանք:
Եկամտաբերությունը մեծ չէ, ասում է Գևորգ Ղազարյանը, նախընտրելի է այն ուղղել ինտենսիվ գյուղատնտեսությանն ու այն ներդնել առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունում:
Գևորգ Ղազարյան - Եթե մենք մեկ հեկտարի հաշվով տրամադրենք 150 հազար դրամ սուբսիդավորում, այսօր մեր 1 հեկտարից ստացվող 2 տոննա բերքը ստացվում է, որ մենք 75 դոլար սուբսիդիա ենք տրամադրում 1 տոննա ցորենի համար, այնինչ դրա կրկնակի գնով Ռուսաստանից ներկրվում է:
Բացի այդ, փոքր տնտեսություններում հացահատիկի մշակությունը ձեռնտու չէ: Պարենային ապրանքների թանկացման միտումն ամբողջ աշխարհում է սկսվել՝ կանխատեսում են մասնագետները: Հայաստանում պարենային մթերքների դեֆիցիտի վտանգ չկա, կա խուճապ. մարդիկ որքան շատ են գնում, այնքան շատ են թափում: Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի տվյալով՝ Հայաստանում օրական մինչև 300 տոննա հաց և հացամթերք է թափվում: