Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 22 օր: «Երբ կավարտվի հատուկ գործողությունը» հարցի պատասխանը դեռ կանխատեսումների մակարդակում է: Մոսկվան հայտարարել է՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ավարտը կախված է պաշտոնական Կիևից:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով, կողմերը քննարկում են ռազմական, քաղաքական և հումանիտար հարցեր: Ռուսաստանի պահանջները, ընդգծել է Զախարովան, չափազանց պարզ են. դրանք բխում են հատուկ գործողության նպատակներից և խնդիրներից:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք հուսով ենք, որ Կիևը կգիտակցի խնդրի խաղաղ լուծման անխուսափելիությունն ու Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման, այն չեզոք պետություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկրի և ամբողջ Եվրոպայի բնակչության: Կիևում որքան շուտ դա գիտակցեն, այնքան արագ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը:
Մինսկը ևս կարծում է, որ ռազմական գործողության ավարտը Կիևից է կախված:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԼՈՒՏ ԱՎԱՐՏԻՆ
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը մոտ ապագայում կավարտվի խաղաղությամբ: Միաժամանակ, սակայն, Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, թե ինչ կստացվի, եթե Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագիր չկնքի Վլադիմիր Պուտինի հետ:
Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - Առաջին անգամ ես ձեզ կասեմ գլխավորը. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ համաձայնության գան, և Զելենսկին Պուտինի հետ ստորագրի այդ համաձայնագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայնի դրան, ապա, հավատացեք, նա ստիպված կլինի կարճ ժամանակում կապիտուլյացիայի ակտ ստորագրել:
ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Կիևից պնդում են, որ խնդրի կարգավորմանը կնպաստի կողմերի միջև համաձայնագրի կնքումը: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հույս են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելուց հետո, հնարավոր է՝ առաջիկա շաբաթների ընթացքում՝ հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, որ հանդիպումը կարող է կայանալ ցանկացած վայրում, բացի Ռուսաստանից։
Կողմերին հանդիպման վայր առաջարկել է Ռեջեփ Էրդողանը: Ռուսաստանի նախագահի հետ զրույցում Թուրքիայի նախագահը կրկնել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը Ստամբուլում կամ Անկարայում ընդունելու առաջարկը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՏԵՍԱՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՆ
Ընթացող բանակցություններին զուգահեռ Վոլոդիմիր Զելենսկին շարունակում է Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին խոսել՝ դժգոհելով գործընկերների արձագանքից: Իր մտահոգությունները Զելենսկին ներկայացրել է Գերմանիայի խորհրդարանին՝ հանդես գալով հեռավար ելույթով:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Երբ մենք ձեզ հարցնում էինք, թե ինչ պետք է անի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, լսում էինք, որ նման որոշում սեղանին չկա և չի էլ լինի: Իսկ հիմա դուք հապաղում եք Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցում։ Ձեզ համար դա քաղաքականություն է, իսկ իրականում դրանք քարեր են Եվրոպան բաժանող նոր պատի համար: Երբ մենք խնդրեցինք պատժամիջոցներ կիրառել, մենք ուշացումների ականատես եղանք, զգացինք դիմադրություն:
ՆԱՏՕ-Ն ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլերը ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահի ելույթը հուզիչ է որակել: Բայց ևս մեկ անգամ հիշեցրել՝ ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Օլաֆ Շոլց (Գերմանիայի դաշնային կանցլեր) - Մենք շարունակում ենք աջակցել խիզախ ուկրաինացիներին՝ ֆինանսական, մարդասիրական օգնության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարումների միջոցով: Բայց մի բան էլ պետք է հստակ ու միանշանակ հասկանալ. ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն չի ունենա այս պատերազմում:
ԱՇԽԱՐՀԸ ԿԿԱՆԳՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԽՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ. ՄԱԿՐՈՆ
Իրավիճակից ոչ լավատեսական սպասումներ ունի Փարիզը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խորը ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Էմանուել Մակրոնը, ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, նշել է, որ սա լուրջ մարտահրավեր էր իր և գործընկերների համար, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ Է ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ. ԳՈՒՏԵՐԵՇ
Այս համատեքստում ահագնանում է հումանիտար ճգնաժամը: Ավելի քան 3 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Թվիթերի իր միկրոբլոգում նա նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը խաղաղության կարիք ունի, և որ ամբողջ աշխարհն է դա պահանջում: