Այսօր Կառավարության նիստի ընթացքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատվաստումային գործընթացին ու քաղաքացիներին կոչ արել պատվաստվել:
«Հարգելի գործընկերներ, արդեն երկրորդ կամ երրորդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: Դեռ 3 շաբաթ առաջ մենք նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը և կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային, և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների:
Այնպես որ, իմ կոչը, խնդրանքն է մեզ բոլորիս և հանրությանը, որպեսզի պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն: Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ: Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, և, ի վերջո, դա անվտանգության հարց է:
Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել, 9000-ի չի հասել թիվը, բայց ամենօրյա մահվան դեպքերը դեռ մեզ մոտ շարունակվում են, և ես ցանկացա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը: