Պոլիտեխնիկում մանսուրյանական օր է, այս օրվան պոլիտեխնիկցիները շատ երկար են սպասել: Մաեստրոյին հրավիրել են հանդիպման, անկեղծ զրույցի և, իհարկե, շատ անակնկալներ են պատրաստել: Առաջինը նրա ինքնատիպ դիմանկարն է՝ հատուկ Մաեստրոյի համար: Մանսուրյանի ժամանակակիցը լինելու և նրա մեծ երաժշտությունը վայելելու արժեքն այստեղ շատ լավ են հասկանում և Մաեստրոյի վաստակը երաժշտարվեստում գնահատում են բուհի բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով: Բուհի ղեկավարը վստահ է՝ հենց մտավորականներից ուսանողները պետք է ստանան կարևորագույն ուղերձները:
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Շատ դեպքերում կարևոր ուղերձները տրվում են նմանօրինակ հանդիպումներով և նման մեծերի կողմից: Պարոն Մանսուրյանը շատ մեծ է և անգնահատելի, և մենք պետք է արժևորենք ամեն մի րոպեն, քանի որ միակ բանը, որը չենք կարողանում վերականգնել, ժամանակն է:
Այս բուհի գիտական ներուժի և առաքելության գնահատման հարցում Մաեստրոն որքան պահանջկոտ, նույնքան շռայլ է՝ չափազանց կարևորելով կրթօջախի՝ ապագային միտված լինելը, լիահույս է, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է:
Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ) - Շատ կարևոր տեղ ունի, քանի որ մենք լինելու ենք գիտության հենքի վրա զարգացող երկիր, և այս երիտասարդությունն այդ ապագան կերտողն է:
Ուսանողների հարցերի տարափում Մաեստրոն որևէ հարց անպատասխան չի թողնում՝ կինոերաժշտությունից մինչև գրականություն և միասնության չարենցյան պատգամից մինչև հայրենասիրություն. բոլոր հարցերի պատասխաններում առավելագույն բաց ու անմիջական է: Հայրենասիրություն՝ Մաեստրոյի բանաձևը հստակ է՝ նախ՝ լռություն և հետո՝ գործ:
Ամենահոգեհարազատ ստեղծագործությունը «Գրեմմիի» նոմինանտ «Ռեքվիեմն» է, իսկ ազգային երաժշտության ապագայի մասին հարցին պատասխանում է՝ ինչպես մոռանալ նոտագրության համակարգն ու վերադառնալ խազագրությանը, այսինքն՝ ինչպես լինել հայոց լեզվի երաժիշտ: Եվ, վերջապես, ո՞րն է Հայաստանի փրկությունը՝ դարձյալ վերադառնում է միասնության պահանջին, ասում է՝ պետության հիմքում ամենակարևոր ուժն ընտանիքի զգացողությունն է ու միասնությունը. այդ մասին նախևառաջ լսել է մեր մեծերից:
Տիգրան Մանսուրյան - Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին Վիկտոր Համբարձումյանը և Մարտիրոս Սարյանը հանդիպում Սարյանի տանը, և երբ ես հարցնում էի տանեցիներին՝ ինչի մասին են խոսում, չեմ մոռանում, որ խոսում էին Արցախի մասին, այդ դժվար տարիներին, Սովետական Միության տարիներին քննարկում էին Արցախի հարցը:
Իսկ օրվա անակնկալների շարքում նաև Պոլիտեխնիկի ստեղծած անվանական զարդ-հուշամեդալն է՝ Մանսուրյանի պատկերով և գործիքով, որի բոլոր օրինակները նվիրեցին Մաեստրոյին՝ հիշարժան օրվա հատուկ հիշատակ: