Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին: Նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։
Ջորջ Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և գործելու է Հայաստանի մայրաքաղաքում։ Վերահսկելու է Հայաստանում բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։
Նա Վրաստանի քաղաքացի է, սկսել է իր կարիերան որպես իրավաբան Société Générale ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի և ավագ բանկիրի պաշտոնը:
Նախկինում Ջորջ Ախալկացին աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի Արտադրության և ծառայությունների, ինչպես նաև Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Նա ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD):
Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարի դերում Ախալկացին կօգտագործի երկրի մակարդակով և միջոլորտային իր նշանակալի փորձը՝ շարունակելու բանկի հաջողված գործընկերությունը Հայաստանի հետ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, և նրա հիմնական նպատակն է՝ օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև խթանել ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը:
Առ այսօր բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիոն եվրո 200 ծրագրերում: