Կառավարություն ներկայացված նախագծով ՀՀ ոստիկանության հատկացումներին կավելացվի 2 միլիարդ 35 միլիոն դրամ:
Շուրջ 289 միլիոն դրամ կուղղվի Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլների ձեռքբերմանը, շուրջ 67 միլիոն դրամ կհատկացվի այդ ավտոմոբիլների կահավորմանը:
«1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ կհատկացվի վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով»,- ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Շիրակի և Լոռու մարզերում ապրիլից կգործարկվի պարեկային ոստիկանության ծառայությունը:
«Սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է: 2021 թվականի հուլիսից մայրաքաղաքում գործում է պարեկային ոստիկանությունը: Հայաստանի արտաքին դիմագծի բրենդը ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ոստիկանություն: Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների ու բարդությունների չի անցնում, բայց այս բարեփոխումն իրեն արդարացնում է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
«Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինել, պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը: Մարդիկ դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և անցնում աշխատանքի: Պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար Ոստիկանության ակադեմիայում վերապատրաստում կանցնեն: Այդ ընթացքում սովորողը վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով, իսկ աշխատանքի անցնելու պարագայում բավականին ծանրակշիռ աշխատավարձ են ստանում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կոչ արեց կանանց ակտիվություն ցուցաբերել այս հարցում և ներգրավվել պրոցեսում: