Այս հոկտեմբերին երկրում մարդահամար է անցկացվելու: Ոլորտի փորձագետները հույս ունեն, որ, ի տարբերություն 2011 թվականի, մշտական բնակչության թիվը դեպի նվազում չի գնա: Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ հետպատերազմյան իրավիճակում իրական պատկերը հասկանալու համար մարդահամարի անցկացումն անհրաժեշտություն է:
Արտակ Մարկոսյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագետ) - Շատ կարևոր միջոցառում է, և անհրաժեշտ է սրա անցկացումը, որպեսզի գոնե առաջիկա 10 տարվա համար կատարվեն իրական կանխատեսումներ, և հստակ լինի, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում:
Վիճակագիրների տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը 2021-ի հունվարի 1-ի դրությամբ 2 միլիոն 979 հազար էր: Հայաստանի համար թիվ մեկ ժողովրդագրական մարտահրավերն արտագաղթն է՝ նշում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրի ղեկավարը: Ցածր ծնելիությունն էլ իր ազդեցություն է թողնում, թեև 2021-ին գուցե չնչին, բայց աճ գրանցվել է: Ըստ ժողովրդագրի՝ դրան նպաստել են այս ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, բայց խնդիրը դեռ արդիական է, հատկապես գյուղերում:
Արտակ Մարկոսյան - 2012-ից սկսած՝ աշխարհում մենք միակ պետությունն ենք, որտեղ գյուղերի գործակիցը ցածր է քաղաքայինից: Ես երկու տարի ման եմ եկել, որ գտնեմ մեկ երկիր համեմատության համար, և չեմ գտնում:
Փորձագետների կարծիքով, սակայն, ռուս-ուկրաինական իրադարձությունների ֆոնին մեր երկիրը կարող է բարելավել ժողովրդագրական պատկերն ու ներգաղթ ապահովել:
Աննա Հովհաննիսյան (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրի ղեկավար) - Պետք է օգտվել այս հնարավորությունից ու փորձել այնպիսի քաղաքականություն վարել, որ այս թվացյալ ներգաղթածների բարձր թիվը կարողանանք պահել Հայաստանում, որ չծառայի որպես տարանցիկ երկիր, և էս ամենը ժամանակավոր բնույթ չկրի:
Փորձագետների խոսքով՝ այս հարցում անհրաժեշտ է նոր ծրագրերի մշակում, որ մեր երկիրը գրավիչ դառնա այստեղ ապաստան փնտրողների համար: