34 տարի անց Գազյանները վերջապես «համեցեք» են ասում իրենց սեփական տուն: Վերջին անգամ իրենց բնակարանից դուրս են եկել 1988-ին, մտել՝ այս տարի:
Վլադիմիր Գազյան (փախստական) - Բաքվից ենք, ես այնտեղ եմ ծնվել, ավարտել եմ ուսումնարան: Աշխատում էի որպես տպագրիչ: Վերջին տարիներն այնտեղ շատ դժվար էին: 1988-ին մեզ վրա հարձակվեցին:
Իրեն փրկել է ոչ հայկական արտաքինը, կարծել են՝ ռուս է: Բաքվի ջարդերից մազապուրծ՝ Երևանում են հաստատվել, 6 ամիս ապրել կայարանում, հետո՝ երեքով հանրակացարանի մեկսենյականոցում՝ 14 քմ տարածքում:
Վլադիմիր Գազյան - 32 տարի մենք ապրել ենք այնտեղ, առանց որևէ պայմանի, սանհանգույցն ընդհանուր էր, խոհանոց չկար, մի սենյակ, որտեղ և՛ եփում էինք, և՛ քնում: Վերջապես կարող ենք հանգիստ շնչել
Երևանում բնակարանի գնման վկայագիր Գազյաններից բացի ստացել է ևս 269 ընտանիք: Նրանցից 175-ը, 2.4 մլրդ դրամի շրջանակում, արդեն գնել են բնակարան։
Էդգար Գազյան - Սա մեր փոքրիկ խոհանոցն ա, զուգարանը՝ կողքը, պուճուր տուն ա, բայց 4 հոգու համար շատ հարմար:
Պետության աջակցությամբ ձեռք են բերել ընդհանուր 102 քմ մակերեսով տարածք, որի բնակելի հատվածը 40 քմ է: Ավելացած գումարով հասցրել են անգամ վերանորոգել:
Էդգար Գազյան - Դիմել ենք, մեկ՝ բյուջեում փող չկա, մեկ՝ սպասեք, սպասեք: Դառավ 33 տարի: Վերջապես Փաշինյանը, շատ շնորհակալ եմ իրանից, գումար ա հատկացրել ու ընենց գումար ա հատկացրել, որ մարդ կարար ոչ թե սենց տուն չառներ քաղաքի կենտրոնում, այլ առներ Մասիսում ավելի շքեղ՝ երեքհարկանի կամ երկհարկանի:
Պետությունը հատկացնում է բնակարանի գնման վկայագիրը, թե որտե՛ղ են ցանկանում ձեռք բերել սեփականություն՝ փախստականներն իրենք են ընտրում:
Էդգար Գազյան - Մենք շատ գոհ ենք, էն, ինչ որ ունեցել ենք ու հիմա ունենք, կարևորը քո սեփականն ա:
Երևանում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրը երեք փուլով պետությունը լուծել է՝ հատկացնելով 3.7 մլրդ դրամ: Օրերս Կառավարությունը բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար 1.4 մլրդ դրամ հատկացրեց, այս անգամ՝ խնդիրը մարզերում իսպառ լուծելու:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Ծրագիրը նախատեսված է ծայրահեղ վատթար պայմաններում բնակվող այն շահառուների համար, ովքեր էս 30+ տարիների ընթացքում չեն կարողացել հոգալ իրենց բնակության հարցերը և մինչև այժմ բնակվում են հանրակացարաններում, հոսպիտալային շենքերում, մանկապարտեզային շենքերում, դպրոցի տարածքում:
Ծրագիրն ունի որոշակի չափորոշիչներ, օրինակ՝ շահառուն պետք է Հայաստանում մշտական բնակություն ունենա, սեփականություն չունենա կամ վերջին 10 տարիներին օտարած չլինի:
Նելլի Դավթյան - Հիմա Միգրացիոն ծառայության աշխատակիցները վերահաշվարկ են իրականացնում, կունենանք արդեն վերահաշվառված թիվ առաջիկա ամիսների ընթացքում, կուղարկենք ծանուցագիր բոլոր հավակնորդ շահառուներին, որոնց թիվն այսօր նախնական հաշվարկով 254 ընտանիք է:
Ըստ 2013-ի տվյալների՝ Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց թվով առաջատար մարզը Կոտայքն է՝ 78 ընտանիք, Արարատում ծրագրի հավակնորդ շահառու՝ 73, Արմավիրում՝ 35 ընտանիք կա: Հաստատվելու դեպքում տրամադրվում է բնակարանի գնման վկայագիրը, որի արժեքը հաշվարկվում է վերջին կիսամյակում կադաստրի կոմիտեի առաջարկած շուկայական գնով: