Հայաստանում մարտի 20-ին կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը: Կինո, երաժշտություն, լուսանկարչություն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ ավելի քան 15 մշակութային միջոցառում կանցկացվի մայրաքաղաքում և մարզերում:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը միշտ յուրահատուկ ու սպասված իրադարձություն են: Կարծում եմ՝ բոլորս էլ հիշում ենք 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Հայաստանում: Այս տարվա Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը նույնպես շատ խիտ է, արտաքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է միջոցառումների ցանկը, և ես շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք իրենց ներդրումն ունեն այս գործում:
Մեր երկրում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը կազդարարվի «Ասա ինձ 10 բառ, որ կզարմացնի» խորագիրը կրող առցանց մրցույթով, որին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: «Երիտասարդ չափահաս» և «Ֆրանսերենի մասնագետ» անվանակարգերում հաղթած մասնակիցները կմեկնեն Ֆրանսիա:
Գիյոմ Նարժոլե (ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական) - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կինոակումբի հիմնումը կարևոր նախաձեռնություններից է: Նախագիծն իրականացվում է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Յուրաքանչյուր ամիս Ազգային գրադարանում ֆիլմասերները նորովի կբացահայտեն Կաննի կինոփառատոնին մասնակցած ֆիլմերը:
Նախագծի շրջանակում մարտի 21-29-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը՝ հանդիսատեսին ներկայացնելով տարբեր ժանրերի ֆիլմեր: Երևանում և մարզերում համերգներով հանդես կգա Տիգրան Կազազյան քառյակը: Երևանի պետական կոնսերվատորիան նույնպես անակնկալ ունի արվեստասերների համար:
Արամ Հովհաննիսյան (Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր) - Առաջինն ապրիլի 6-ին մեր ջազային ամբիոնի կողմից կկայանա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին, որը տեղի կունենա Օպերային ստուդիայի մեծ դահլիճում: Երկրորդ համերգն ավելի խոշոր կլինի, որի վերջում հանդես կգա «Հովեր» կամերային երգչախումբը:
Համագործակցելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ՝ ապրիլի 8-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ֆրանկոֆոնիայի նոտաներ» խորագրով համերգը: Ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նույնպես հնչելու է ֆրանկոֆոն երաժշտություն:
Սերինե-Լյուբա Թադևոսյան (Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆրանսերենի մասնագետ) - Խոսքը ֆրանսիացի կոմպոզիտորի «Ձայն մարդկային» մոնոօպերայի մասին է: Այն կներկայացնի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը իր օրիգինալ լեզվով՝ ֆրանսերենով: Օպերան գրվել է 1958 թվականին, հիմքում Ժան Կոկտոյի մենախոսությունն է:
Անն Լույոյի խոսքով՝ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ևս մեկ լավ հնարավորություն է երկու երկրների միջև մշակութային երկխոսության զարգացման համար, վստահ է՝ կրթական, մշակութային օջախների միջև գործակցությունը կնպաստի նաև Հայաստանում ֆրանսերենի տարածմանը, ինչը նախագծի նպատակներից է:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան