Մարտի 14-ին՝ ժամը 17.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվել Կենտրոնական բաժին, որ Երևանի ոսկերչական գործարանի շենք է մտել անհայտ անձ:
Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է Արշակունյաց պողոտա՝ դեպքի վայր, որտեղ էլ արագ պարզվել է, որ շինություն մուտք գործելու նպատակը գողությունը չէր: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են ծխախոտի տուփ, որի մեջ կոկաինի, հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ էին: Գործարանի անվտանգության աշխատակիցներն արդեն բռնել էին շենք մտած անձին: Պարզվել է, որ Նոր Արեշի բնակիչ է, 47 տարեկան: Տղամարդը մտել էր գործարան, որպեսզի այնտեղից թմրամիջոցներով տուփը նետեր մոտակա շենքի տարածք: Իսկ մոտակա շենքը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն է:
47-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են: