Կառավարությունը հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները:
«Սույն թվականի փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում տեղի են ունեցել ռեկտորի՝ սահմանված կարգով հայտարարված մրցույթ և ռեկտորի ընտրություն: Ընտրվել է պարոն Երվանդ Սերոբյանը, որը 2018 թվականից ռեկտորի պարտականություններ կատարող էր, այնուհետև պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարել է բուհը: Մինչ այս երկու անգամ մրցույթ է հայտարարվել 19 թվականին, մրցույթը չի կայացել, բայց վերջին մրցույթը կայացել է, և 12 կողմ, 7 դեմ ձայներով ընտրվել է պարոն Սերոբյանը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Ես պարզապես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել հոգաբարձուների խորհրդին և նշել, որ ես և իմ շուրջը ձևավորված թիմը և պրոֆեսորադասախոսական կազմը միտված ենք առաջնահերթ լուծելու կրթության որակի խնդիրը, այդ ասպեկտում նաև մեծացնել բուն կրթության հարցերում հետազոտական բաղադրիչի, ինչպես նաև գործնական պարապմունքների քանակը: Դա շատ կարևոր եմ համարում, քանի որ մեր ուսանողները ունեն բավականին լավ գիտելիքներ, բայց հմտությունների և կարողությունների տեսանկյունից մի փոքր գոհացուցիչ չեն արդյունքները՝ զուտ պայմանավորված գործնական պարապմունքների քանակով:
Շատ կարևոր ևս մեկ բաղադրիչ աչքաթող չի արվելու. խոսքը մոտ 500 աշխատակիցների սոցիալական խնդիրներին անդրադառնալն է»,- ասաց Երվանդ Սերոբյանը:
Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: