ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երվանդ Քոչարի թանգարանը և «Շեդևր» պատկերասրահը համատեղ կազմակերպում են «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդեսը։
Բացումը տեղի կունենա Երվանդ Քոչարի թանգարանում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին: Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրված է հայ արվեստի երկու շատ արդիական և նորարար արվեստագետներին՝ Երվանդ Քոչարին և Լեոն Թութունջյանին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին։
Ցուցադրվելու են Երվանդ Քոչարի և Լեոն Թութունջյանի բնօրինակ ստեղծագործություններ՝ յուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր, որոնք պահպանվել են Քոչարի անձնական արխիվում և այսօր թանգարանի փաստաթղթային ֆոնդի մասն են կազմում:
Նորարարական մոտեցումներով կներկայացվեն Քոչարի և Թութունջյանի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ժամանակակից գրավիչ ինստալյացիաներ (դրանց հեղինակն է Աշոտ Մարաբյանը), անիմացիաներ. օգտագործված են հատուկ լուսային էֆեկտներ, որոնք առավել ընկալելի ու ազդեցիկ կդարձնեն մեծ արվեստագետների գաղափարներն ու նրանց արդիականությունն անգամ մեր օրերում՝ մոտ 100 տարի անց:
1929-1936 թթ. հայ արվեստագետները ցուցադրվել են փարիզյան ցուցահանդեսներում, արժանացել իրենց ժամանակակից արվեստագետների և արվեստաբանների հիացմունքին ու ջերմ ընդունելությանը, նաև ունեցել լավ ընկերական հարաբերություններ:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի միայն 10 օր՝ մարտի 19-28-ը: