Հայաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ղազախստան: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` տարածաշրջանի շատ երկրներ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների էական անկում կունենան այս տարի: Ակնկալվում է տրանսֆերտների միջինում 25 տոկոս անկում՝ հաշվի առնելով նաև ռուբլու արժեզրկման գործոնը:
Օրինակ, Ղրղզստանում, որտեղ 2021-ին տրանսֆերտների 83 տոկոսը Ռուսաստանից է եղել, ակնկալվում է 33 տոկոսով անկում ի սկզբանե կանխատեսված 3 տոկոսի աճի փոխարեն: Հայաստանում ռուսաստանյան տրանսֆերտների 19 տոկոս անկում է կանխատեսվում՝ վաղօրոք սպասված 11 տոկոս աճի փոխարեն:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Կարծում եմ` իրատեսական էր Համաշխարհային բանկի այս գնահատումը, կախված տրանսֆերտների կրճատման հետ հիմնականում, քանի որ տրանսֆերտները գնահատվել են դոլարային արտահայտությամբ, ապա զուտ դոլարային արտահայտությամբ, բնականաբար, հաշվի առնելով ռուբլու փոխարժեքի կտրուկ նվազումը դոլարի նկատմամբ, տրանսֆերտների 19 տոկոս, այսպես ասած, իրական արժեքի նվազումը միանգամայն տրամաբանական է:
Ռուբլու արժեզրկում և Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացում: Այս օբյեկտիվ գործոններն են հաշվի առել Համաշխարհային բանկի վերլուծաբանները՝ կարծում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Հայաստանի գնահատականը մյուսների համեմատ համեմատաբար մեղմ է, նու, Ուկրաինան էլ կա այդ գնահատականների մեջ: Մի կողմ դնենք Ուկրաինայի դեպքը, այն տարբերվում է: Ի տարբերություն ձեր նշած ասիական երկրների՝ Վրաստան, Տաջիկստան կամ Մոլդովա, այդ երկրներում դրամական փոխանցումներից տնտեսությունը շատ ավելի է կախված, քան Հայաստանում: Հայաստանում վաղուց ավելի ցածր է դրամական փոխանցումների կշիռը տնտեսության մեջ, և կախվածությունը այդքան մեծ չէ:
Հաշվի առնելով, որ երկրների ՀՆԱ-ում էական նշանակություն ունեն Ռուսաստանից տրանսֆերտները, դա էլ իր հերթին մեծ վնաս կհասցնի տնտեսություններին:
Տրանսֆերտների նվազումը կբերի պահանջարկի անկման, ինչն էլ տնտեսության երկու ուղղության՝ առևտրի և ներմուծման վրա բացասական կազդի, նշում է Աշոտ Խուրշուդյանը: Ըստ նրա՝ սա տնտեսության համար էական արժեք ստեղծող ՀՆԱ չէ:
Աշոտ Խուրշուդյան - Կարճաժամկետ անկում են ապրում և՛ սպառումը, և՛ ներմուծումը սովորաբար, այդ պատճառով մեծ տնտեսական ազդեցություն չի ունենում: Այլ հարց է, որ այդ միգրանտները կարող են ունենալ այլ պլաններ, այդ գումարներով գուցե մի մասը, օրինակ՝ վարկ ունի վերցրած, պլանավորել էր փակել այդ վարկը կամ փորձում էր բիզնես անել: Այդ մասով հարվածը մեծ կլինի:
Նախորդ տարի բանկերի միջոցով Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիներին է փոխանցվել 865 մլն 580 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին՝ 40 մլն 641 հազար: