Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի խորհրդարան՝ Ժողովրդական Ժողով, և հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում:
ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:
Այս լույսի ներքո դեսպան Տ. Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:
Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին:
Դեսպանը խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:
Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին: