ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
Գործադիրն ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացրեց Ոստիկանությանը՝ Լոռու և Շիրակի մարզերում ապրիլից գործարկվող պարեկային ծառայության ներդրման համար:
Վահե Ղազարյան (ՀՀ ոստիկանության պետ) - 289 միլիոն 900 հազար դրամ հատկացնել 140 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, 67 միլիոն 200 հազար դրամ՝ այդ մեքենաների կահավորման համար, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն:
Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կգործի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում: Ոստիկանությունը տարածել է հավակնորդների ընդունման վերաբերյալ հայտարարություն: Առաջին մրցույթի համեմատ կա ռեալ մրցակցություն: Երևանում ծառայության արդյունքը մշտադիտարկելիս ՄԻՊ գրասենյակն ավելի բարձր է գնահատել այն կարգախմբերի աշխատանքը, որտեղ ներգրավված են եղել կանայք:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ կոչ անել, որ կանայք՝ Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերից, այս փուլում, հաջորդ փուլերում, մյուս մարզերում, ամբողջ հանրապետությունում է ներդրվելու, ակտիվություն ցուցաբերեն: Ցանկացած ոք կարող է դիմել պարեկային ոստիկանության ծառայության անցնելու համար, պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն, հնգամսյա դասընթացներ են տեղի ունենում, հետո քննություն, վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու դեպքում ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350 հազարից սկսած:
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունն առաջարկում է՝ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի նոր օրենսդրական կարգավորում: Նախատեսվում է, որ ավագանին մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հաստատի համայնքի միջնաժամկետ ծախսային եռամյա ծրագիրը, ներկայացնի մարզպետին: Փոփոխությունը համայնքների համար հնարավորություն է՝ ճիշտ կառավարել ֆինանսները, կազմակերպել սուբվենցիոն հայտերը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կհենվենք այս կարգավորումների վրա, սուբվենցիոն կարգը կփոխենք, ոչ թե փետրվար-մարտին սուբվենցիոն հայտ կընդունենք, այլ կարող ենք ավելի շուտ՝ սեպտեմբերից, գործընթացը մի քանի ամիս առաջ կբերենք:
Նիկոլ Փաշինյան - Կառավարություն և տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցության և համատեղ ներդրումների համակարգ է ստեղծվել, և այդ առումով կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարման տրամաբանությունը որոշակի կապի մեջ դնենք, հնարավորինս սինքրոնացնել կառավարության հետ:
Վարչապետը հավելեց՝ կապիտալ ներդրումների շրջանն ավելի վաղ սկսելու, ժամանակ չկորցնելու համար անհրաժեշտ է համայնքների բյուջեները մինչև տարեվերջ ընդունվեն:
Նիկոլ Փաշինյան - Մեր ընկալումն էն ա, որ ծրագրերը պետք է հաստատված լինեն, ընդ որում՝ մարզերում կլիմայական պայմանները տարբեր են, շինարարության մեկնարկի առաջին օրը, որ օրը հնարավոր է՝ կապիտալ ներդրումները սկսեն, էդ օրն էլ սկսի, որ շինարարության ժամկետ բաց չթողնենք:
Փաշինյանը խոսեց նաև նորաստեղծ Ներդրումային կոմիտեի մասին, որտեղ կքննարկվեն 250 միլիոն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը, կորոշվեն առաջնահերթությունները:
Նիկոլ Փաշինյան - Ձգտում ենք նրան, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրում և պետական բյուջեում ընդգրկվեն այնպիսի ծրագրեր, որոնք Ներդրումների կոմիտեով անցել են և հաստատվել: Այս տարի պետք է այդ սկզբունքով աշխատենք, և նախարարություններին, գերատեսչություններին խնդրում եմ էս հանգամանքը հաշվի առնել և պատշաճ ժամանակներում ներկայացնել: Սա նշանակում է՝ բյուջեի քննարկումը էսօրվանից ենք սկսում, ինչը վաղուցվա խնդիրներից է:
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Փաշինյանն անդրադարձավ ուժի մեջ մտած հանրային սննդի վայրերում ծխելու արգելքի որոշմանը՝ այն նույնպես համարելով կարևոր բարեփոխում, ասաց՝ հետևում է նաև հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշի վերաբերյալ թեմայի արձագանքներին:
Նիկոլ Փաշինյան - Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, ինչի՞, որովհետև չգիտենք, այսինքն՝ գիտենք, ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումն ինչ ազդեցություն է ունենում մեր առողջության վրա: Բյուջեն ինչքան է ծախսում, չենք կարողանում բոլորի առողջության մասին հոգալ: Մեր ռազմավարություններից է բխում, որ առողջ ապրելակերպը պետք է լինի մեր մոտեցումը, գնալու ենք այս ճանապարհով:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 67 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԿԱՊԱՆԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Կառավարությունը հատկացրեց ավելի քան 67 միլիոն դրամ Կապանի 13 բնակավայրում կրթահամալիրների նախագծման աշխատանքների համար: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն շրջակա բնակավայրերի երեխաների համար, կգործարկվի 8 երթուղի՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Կապան խոշորացված համայնքում քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցության հնարավորությունը, մասնավորապես, կրթական նոր մոդելի կիրառության նպատակով Կապանի գյուղական բնակավայրերից մեկում սմարթ կենտրոնի բացման համար: Արդեն աշխատանքներ են իրականացվել Սյունիքի 7 խոշորացված համայնքներում նույն ծրագրի համար:
Նիկոլ Փաշինյան - Սա կոմպլեքս ծրագիր է: Բայց զուգահեռ, պարո՛ն Սանոսյան և պարո՛ն Մաթևոսյան, եթե այս բոլոր ենթակառուցածքը իրար հետ կապող նորմալ ճանապարհներ չունենանք, ոչ թե նորմալ, այլ լավ ճանապարհներ չունենանք, ծրագիրը չի իրագործվի: Սա միայն կրթական ծրագիր չէ, ենթակառուցվածքային է, կարևոր է, որ Սյունիքում ճանապարհաշինական մեծ ծրագրեր ենք իրականացնում:
Համալիր պետական այս ծրագիրը սկսել են Կապանից, այն իրականացվում է Սյունիքի այլ խոշորացված համայնքներում, մոդելն այնուհետև կկիրառվի ամբողջ երկրում:
Նիկոլ Փաշինյան - Սա կատարյալ, բացարձակ առաջնահերթություն է՝ կրթության ոլորտում մեր նախանշած ծրագրերի իրականացումը: Մանավանդ որ, մենք, ըստ էության, շատ կարևոր մի փուլ ենք թևակոխում, պլանավորման փուլն ավարտել ենք, ինչը, պետք է խոստովանել, որ հեշտ չէր, հիմա անցնում ենք իրագործման փուլ, որը պետք է անել մաքսիմալ արագ և որակյալ:
ԿԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏ
Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհաշինությանը հատկացված 46 մլրդ դրամից մոտ 20 միլիարդը ծախսվելու է Սյունիքում, 200 միլիոն դրամ էլ հատկացվեց Սյունիքի այլ խնդիրների լուծմանը: Քննարկվող նախագծով նաև գումար հատկացվեց Չարենցավանի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համար:
Նիկոլ Փաշինյան - Երրորդ հանրապետության պատմության ընթացքում մի քանի անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն, պայմանավորվում ենք, որ նման իրավիճակ էլ չպիտի ունենանք: Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Կիսակատարության ռեժիմից դուրս գանք, ամեն ինչ կիսակատարության հետ ենք բախվում, ֆասադը ունենք, բացում ենք, տեսնում՝ ներսը բան չկա: Զարմանք էր, երեկոյան անցնում ենք, տեսնում՝ չկա, պետությունը փող ա ծախսել, պարզվում ա՝ աշխատում ա, երբ լույս կլինի: Մինչդեռ բառացի ասել էի, որ արահետ լինի, մարդիկ մոտենան, նկարվեն, միջավայր լինի: Ցանկացած ներդրում, որ անում ենք, միջավայր ենք ուզում ձևավորել:
ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԸ՝ ՇՊՀ ՌԵԿՏՈՐ
Գործադիրը հաստատեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը՝ բուհը կղեկավարի Երվանդ Սերոբյանը: Կորոնավիրուսային իրավիճակը բարվոք է՝ նիստի ավարտին նկատեց վարչապետը՝ գոհացուցիչ չհամարելով պատվաստումների տեմպը: Նա կոչ արեց պատշաճ կազմակերպել պատվաստումները՝ համավարակի հնարավոր նոր ալիքից խուսափելու համար: