Վերջին օրերի ջերմաստիճանի կտրուկ անկումը, տատանումներն ու ձնառատ գարունը էական ազդեցություն չեն կարող ունենալ բերքի վրա և չեն վնասի գյուղատնտեսությանը՝ վստահեցնում են մասնագետները: Վտանգ չի սպառնում նաև բացված, էտված խաղողի այգիներին։ Ցրտի պատճառով խաղողի վազերը ուշ կբողբոջեն, ցրտահարության հավանականությունն էլ կնվազի։ Բնության բարեհաճությանը չվստահելու տարիների փորձը, սակայն, շատ հողագործների ստիպում է ապահովագրել բերքը: 2022-ը այդ առումով ռեկորդային է:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ) - Միայն փետրվար ամսին օպերատիվ տվյալներով կնքվել է 1570 պայմանագիր:
Սա այն դեպքում, երբ 2020 թվականին ապահովագրվել էր 1546 գյուղացիական տնտեսություն, իսկ 2021 թվականին՝ 4200: Բերքն ավելի շատ ապահովագրում են Արագածոտնի, Արարատի և Արմավիրի գյուղացիական տնտեսությունները: Ավելացել են թե՛ ապահովագրվողները, թե՛ համակցված ռիսկերից ապահովագրության պայմանագրերը:
Իռա Փանոսյան - Տնտեսվարողը կնքել է ոչ միայն գարնանային ցրտահարությունից կամ կարկուտի ռիսկից ապահովագրության պայմանագիր, այլ միևնույն մշակաբույսի դեպքում միանգամից երկու ռիսկից ապահովագրություն է իրականացրել:
Համակցված ռիսկերից ապահովագրության դեպքում Կառավարությունը խրախուսում է և 10 տոկոսով զեղչում ապահովագրության վճարը: Այն հողագործներին, որոնք ցանկություն ունեն, սակայն դեռ չեն ապահովագրել իրենց բերքը, գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետը խորհուրդ է տալիս շտապել՝ ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը մոտենում է ավարտին:
Իռա Փանոսյան - Ժամկետները մոտենում են, և չկնքելու դեպքում փոխհատուցում չեն ստանա:
Խաղողի և ծիրանի դեպքում կարկտահարությունից և հրդեհից ապահովագրության վերջնաժամկետը մարտի 25-ն է, դեղձի դեպքում՝ մարտի 20-ը, խնձորի դեպքում՝ ապրիլի 20-ը, սալորինը՝ մարտի 25-ը, ձմերուկինը, սեխինը, բալինը, կեռասինը՝ ապրիլի 25-ը: Իսկ աշնանացան կամ գարնանացան հացահատիկի, ուշահաս կարտոֆիլի ապահովագրության պայմանագրերի վերջնաժամկետն ավարտվում է մայիսին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան