Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հեռավար ելույթ ունենալով Գերմանիայի Բունդեսթագի և կառավարության անդամների առջև, հայտարարել է, որ Կիևի իշխանությունները բավարար չեն համարում Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումը։
Ուկրաինայի ղեկավարի կարծիքով՝ Մոսկվայի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով պետք է էմբարգո սահմանել Ռուսաստանի հետ առևտրի և այնտեղից ցանկացած ապրանքի արտահանման համար:
Զելենսկին մեղադրել է Գերմանիայի իշխանություններին Ուկրաինային օգնելու հարցում հապաղելու և Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու համար: «Մենք տեսնում ենք, թե որքան կապեր են պահպանել ձեր ընկերությունները Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նախագահը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան պատշաճ կերպով չի արձագանքել այն հայտարարություններին, թե «Հյուսիսային հոսքերը» Ռուսաստանի ձեռքին զենք են և մեծ պատերազմի նախապատրաստություն:
«Երբ մենք ձեզ հարցնում էինք, թե ինչ պետք է անի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, լսում էինք, որ նման որոշում սեղանին չկա և չի էլ լինի: Իսկ հիմա դուք հապաղում եք Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցում։ Ձեզ համար դա քաղաքականություն է, իսկ իրականում դրանք քարեր են՝ Եվրոպան բաժանող նոր պատի համար»,- նշել է Զելենսկին: